Հայաստանում կարող են տեղի ունենալ ցույցեր, երթեր, հանրահավաքներ. Փաշինյան

Արտակարգ դրությունը Հայաստանում ևս մեկ ամսով երկարացվեց։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ առկա են մեղմացումներ։ Նախ վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը և միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ հոսպիտալացում չի կիրառվում, ապա վերջինս 14 օրով ինքնամեկուսացվում է. «14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել համապատասխան թեստ և բացասական ելքի դեպքում ինքնամեկուսացման ռեժիմը փոխվում է։ Վերացվում է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ, սակայն որոշակի կանոնների պայմանով, մասնավորապես անհրաժեշտ է պարետի սահմանված կարգով դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը։ Մեղմացվում են ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները՝ թույլատրելով դրանց անցկացումը թե՛ փակ, թե՛ բաց տարածքում, բայց ոչ ավել, քան 40 հոգի։ Վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը»,-ասաց նախարարը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկը կապված է հավաքների ազատության հետ։
Վարչապետն ասաց, որ այս որոշմամբ հավաքների ազատության հետ կապված բոլոր սահմանափակումները հանում են. «ՀՀ-ում կարող են տեղի ունենալ ցույցեր, երթեր, հանրահավաքներ, պայմանով, որ մասնակիցները պարտադիր դիմակով կլինեն և կպահպանեն 1.5 մ սոցիալական հեռավորությունը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։