Նորություններ

Գոնե կարելի էր շտապ չշնորհավորել, երբ Բելառուսի փողոցներում մարտիմեկյան արտապատկերն է. իրավապաշտպան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորական ուղերձը բազմաթիվ քննադատությունների պատճառ դարձավ: Թեմայի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ:

«Առնվազն գոնե կարելի էր չշտապել շնորհավորանքի հետ կապված, որովհետև ընդունված է, որ երբ  շնորհավորում ես նորընտիր պաշտոնյային, նշանակում է՝  սատարում և ընդունում ես  իր ընտրվելու կամ այդ գործընթացների ճշգրիտ, արդարացի լինելը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին ուղղված շնորհավորական ուղերձին:

Նինա Կարապետյանց

«Վարչապետի շնորհավորանքը նշանակում էր՝ հեղափոխությամբ, լեգիտիմ ընտրություններով իշխանության եկած մարդը, ցավոք սրտի, իր գործողություններով լեգիտիմացրեց դիկտատոր Լուկաշենկոյին:

Ես լսում եմ նաև մեկնաբանություններ, որ ասում են՝ ինչպես կարող էր Փաշինյանը չշնորհավորել:

Դա հատուկ մշակված ընթացակարգ է: Մեր հեղափոխության օրերին, երբ ֆորմալ առումով Սերժ Սարգսյանը ընտրվեց, պարոն  Սվիտալսկին չշտապեց շնորհավորել, ժողովրդի լեզվով ասած՝ ոտքը կախ գցեց  և դրանով նա հայտարարեց իր դիրքորոշումը»,- ասում է իրավապաշտպանը:

Ըստ Կարապետյանցի՝ կարելի էր չշտապել, հատկապես, երբ մարտիմեկյան արտապատկերն է Բելառուսի փողոցներում  և սխալ էր, այդ պահին հապճեպ շնորհավորելը:

«Եթե Փաշինյանի համար ընդունելի չէ Մարտի 1-ը, կեղծված ընտրությունները,  որի մասին նա բազմիցս հայտարարել է, հետևաբար նա պիտի լինի կրողը այդ սկզբունքների և չշտապի առաջիններից լինել, ով հարգանքի հավաստիք կհայտնի այն մարդուն, ով ոչ Հայաստանի նկատմամբ առանձնապես ջերմ վերաբերմունք ունի և ոչ էլ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:

Այնպես որ, շտապողականության ոչ մի պատճառ չեմ տեսնում»,- հայտարարեց իրավապաշտպանը:

Նինա Կարապետյանցի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը կարժանանա որոշակի կառույցների արձագանքին.

«Բելառուսի մեր գործընկեր իրավապաշտպաններն ասում են, որ իրենց համար անհասկանալի է հեղափոխություն վերապրած Հայաստանի իշխանության դիրքորոշումը:

Եվ մենք չունենք որևէ բացատրություն կամ արդարացում, որով կարող ենք սատար լինել  մեր իշխանությանը:

Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի սատար կանգնենք մեր իշխանություններին, բայց անում են քայլեր, որոնք ո՛չ բացատրություն ունեն, ո՛չ արդարացում»,- եզրափակեց Կարապետյանցը:

                                                                        Անահիտ Չալիկյան

 

 

Back to top button
Close