Նորություններ

Ապրիլյան  պատերազմը լուրջ մեղադրանք է․ մենք վաղ թե ուշ իմանալու ենք ապրիլյան պատերազմի բոլոր ելևէջների  ու նրբությունների մասին

«Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի ելույթների բովանդակության քննարկումը իրեն արհեստականորեն վերադարձնում է քաղաքականություն, իսկ դրա համար որևէ նախադրյալ չկա»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ ապրիլյան պատերազմին առնչվող հայտարարություններին, որոնք հրապարկվեցին նրա գրասենյակի ֆեյսբուքյան էջում։

Քաղաքագետի կարծիքով՝ ելույթի համար ընտրված պահը պատահական չէր:

«Ընդհանրապես նախկին իշխանության ներկայացուցիչների պատկերացմամբ՝ կոռուպցիա, թալան, կողոպուտ, իշխանության զավթումը  համարում են օրինաչափ երևույթներ. այսինքն՝ դա իրենք չեն համարում ոչ շեղում, ոչ հանցագործություն: Իրենք մտածում են, որ, այո՛, ազգերը այդպես են ապրում, որ ինչ-որ մի կազմակերպված փոքրամասնություն գալիս է  երկիրը գրավում, բոլոր տնտեսական պաշարները վերցնում է իրեն. այս ամենը իրենց համար նորմալ է:

Նախկին իշխանության աստվածային իրավունքն  է՝ հասարակ ժողովրդին կառավարել այնպես, ինչպես կառավարում են, այսինքն՝ խաբել, գցել, ճնշել, զրկել և այլն, և այլն: Սա է ամբողջ էությունը Սերժ Սարգսյանի և իր վարչակարգի մասին, և այս վարչակարգը քաղաքականության մեջ փակ էջ է:

Ի՞նչն են իրենք իրենց համար համարում վտանգավոր մեղադրանքներ. արտագաղթ և ապրիլյան քառօրյա պատերազմ:

Կա արտագաղթի խնդիր, որին միշտ հիվանդագին են պատասխանում. դա  լուրջ մեղադրանք է, որովհետև իրենց կառավարման օրոք Հայաստանում մի քանի հարյուր  հազարով բնակչության թիվը պակասել է:

Ապրիլյան  պատերազմը լուրջ մեղադրանք է իրենց համար: Ես չեմ վստահում այն հանձնաժողովին, որը ստեղծված է, և որ մենք վաղ թե ուշ իմանալու ենք ապրիլյան պատերազմի բոլոր ելևէջների  ու նրբությունների մասին. հատկապես արտաքին քաղաքական, ՍԵրժ  Սարգսյանի պահվածքի, որոնք իրենց ոչ միայն դատարան են բերելու, այլ նաև ազգային օրգանիզմից դուրս են մղվելու»,- հայտարարեց քաղաքագետը:

Հովհաննիսյանի կարծիքով՝ 2016-ի իրադարձություններում շատ մութ բաներ կան՝ կապված Սերժ Սարգսյանի, Ալիևի, Պուտինի տրամադրվածությունների, չի  բացառվում նաև  ֆինանսական կոմպոնենտների հետ:

«Քանի որ հիմա քննիչ հանձնաժողովն աշխատում է, Սերժ Սարգսյանին էլ հրավիրել են հարցուպատասխանի, ապա  շատ կարևոր էր, որ այդ մի բանից իրենց մաքրազերծեն: Թիմը շատ լուրջ աշխատում է  ապրիլյան  դեպքերի վրա, որովհետև սա է առաջնայնությունը, և այստեղ կարող են այնպիսի հետևանքներ լինել, որ ոչ մի կոռուպցիոն մեղադրանք, որ իրենց հանդեպ կա, պարզապես համեմատել չի լինի, և սա է Սերժ Սարգսյանի  պահվածքի մոտիվացիան»,- ասում է քաղաքագետը:

Արմեն Հովհաննիսյանի  խոսքերով՝ Սերժ Սարգսյանի ինքնաբուխ հայտարարությունները բացահայտել են իր կերպարը. «Նա արհամարհում է քաղաքացիներին, բոլորս հիշում ենք՝ «ինչքան ուզեմ՝ խփեմ», «գալիս մեր ուրախությունը խանգարում ես, որ ի՞նչ անես». սա է Սերժ Սարգսյանը, ոչ թե ճառերը, որ իր համար գրում են, և ինքը էկրանից կարդում է»:

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմը մշտապես ներկայացրել է որպես հաղթական դրվագ՝ իր պաշտոնավարման տարիներին, անգամ 2017 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ կարմիր թելի պես անցնում էին ապրիլյան քառօրյա պատերազմի «դրվագները», Հովհաննիսյանը նշում է․

«Իմ պատկերացմամբ՝ այս պատերազմից հետո խնդիր է ծագել, որ հավաքվի թիմ, որի կազմում պարտադիր կար Միքայել Մինասյան, Վիգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան և ինչ անել, որպեսզի պատերազմը ներկայացվի հաղթանակ և դրանով փակվի մութ կողմերը քառօրյա պատերազմի:

Հայտնի լրագրողներ, հրապարակախոսներ կարողացան համոզել, որ հայ ազգի շահից բխում է, որ այդ ամենը ներկայացվի հաղթանակ, և այս հարցում ակամա դարձան գործընկերներ:

Ես ստի և կեղծիքի կարիք չունեմ, ես շատ լավ հասկանում եմ՝ ինչ էր ապրիլյան պատերազմը, ինչպես էինք մենք դրան պատրաստ, ինչ դիրքորոշում ուներ ՀՀ կառավարությունը»,- ասում է Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով՝ եթե ապրիլյան պատերազմը չլիներ այնպես, ինչպես եղավ, չէր լինի «Սասնա Ծռեր»-ի հետ կապված միջադեպը, գուցե չլինեին 2018թ. ժողովրդական ընդվզումները, որովհետև, Հովհաննիսյանի կարծիքով, մարդիկ հասկանում են, որ այն, ինչ ուզում են որպես հաղթանակ հրամցնել, մեղմ ասած,  չի համապատասխանում իրականությանը:

«Ես չեմ ասում, որ մենք պարտվել ենք, ջախջախվել ենք, հերոսական բանակ ունենք, հերոսական սերունդ, բայց որ պետությունը մութ գործարքների մեջ էր և ոչ ցանկանում էր, ոչ ի վիճակի  էր պաշտպանելու մեր ազգային շահը, բացարձակ ճշմարտություն է»,- եզրափակեց քաղաքագետը:

 

                                                                               Անահիտ  Չալիկյան

 

 

Back to top button
Close