Նորություններ

«Ռուսաստանը քաղաքական գործիքակազմով փորձում է կայուն պահել իր ստատուս-քվոն, որի գոյության մասին հայտարարում է Լուկաշենկոն». Ռ. Մեհրաբյան

«Բելառուսում նախագահական ընտրությունից հետո տեղի ունեցող ցույցերը, լարված իրավիճակը ուղղակի համաժողովրդական ցասման դրսևորում էր՝ ուղղված Լուկաշենկոյի  և նրա 26-ամյա կառավարման ռեժիմի դեմ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով  Բելառուսում տեղի ունեցող բողոքի գործողություններին:

Ռուբեն Մեհրաբյան

Ըստ նրա՝ ներկայումս Բելառուսում բավականին դինամիկ գործընթացներ են, որոնց ելքը դեռ մնում է անորոշ.

«Այս պահին բավականին անկանխատեսելի է իրավիճակը, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կլինի օրվա ընթացքում, ինչ ուժգնությամբ կլինեն ցույցերը: Այս գործոնները կարող են կանխորոշել իրավիճակի հետագա զարգացումները»,- հայտարարեց քաղաքագետը:

«Մենք ներկայումս ունենք հետևյալ պատկերը. դա այն է, որ բելառուսական հասարակությունը՝ քաղաքականապես ակտիվ զանգվածը, դեմ է իշխանությանը:

Տեսնում ենք, որ իշխանությունը դրան հակազդելու այլ տարբերակ չունի, բացի ուղղակի բիրտ ուժ կիրառելուց: Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ժողովուրդը այլևս չի վախենում ռեպրեսիաներից  և անգամ բիրտ ուժից, որը իշխանությունը փորձեց գործածել, որը, ըստ իս, ամենավատ տարբերակն էր բոլոր հնարավորներից, որը կարելի էր ընդհանրապես չկիրառել վնասակարության առումով: Հետևապես մենք տեսնում ենք, որ այս ամենը մեծացնում է միայն  անորոշությունը:

Իշխանությունը հայտարարում է, որ ստացել է 80% ձայն, ինչը խիստ խնդրահարույց է, և ընդդիմությունը հայտարարել է, որ չի ճանաչում ԿԸՀ կողմից հրապարակված արդյունքները, ավելին՝ հայտարարում է, որ հենց ինքն է հաղթել»,- ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Անդրադառնալով Մինսկում տեղի ունեցող գործընթացներին Ռուսաստանի ստվերային մասնակցության հավանականությանը, Մեհրաբյանը նշեց.

«Դժվար է ասել՝ Ռուսաստանն ինչ արձագանք կտա այս ամենին, ուղղակի այս պահին տեսնում ենք, որ Ռուսաստանը քաղաքական գործիքակազմով փորձում է կայուն պահել իր ստատուս-քվոն, որի գոյության մասին հայտարարում է Լուկաշենկոն»,- եզրափակեց քաղաքագետը:

 

                                                     Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close