Նորություններ

«Եթե այսօր կամ վաղը շարունակվեն այդ ցույցերը, ապա չի բացառվում, որ իշխանությունը սկսի ճաքեր տալ, ընդհուպ Լուկաշենկոյի ռեժիմի տապալմամբ կարող է վերջանալ». Ա. Վարդանյան

Բելառուսում տիրող հետընտրական լարված իրավիճակի, դրա հնարավոր հետևանքների և զարգացումների վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցեց քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ:

Արմեն Վարդանյան

«Բելառուսին երկար ժամանակ չի հաջողվի դուրս գալ այս քաղաքական ճգնաժամից, և անկախ ամեն ինչից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ճգնաժամը երկար ժամանակ պահպանվելու է Բելառուսում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով Բելառուսում տիրող հետընտրական լարված իրավիճակին:

«Այժմ շատ կարևոր է, թե ինչպիսի շարունակություն կունենան բողոքի ցույցերը: Եթե այսօր կամ վաղը շարունակվեն այդ ցույցերը, ապա չի բացառվում, որ իշխանությունը սկսի ճաքեր տալ, ընդհուպ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի տապալմամբ կարող է վերջանալ:

Եթե Լուկաշենկոյին հաջողվի բիրտ միջոցներով կրակը մարել, ապա կարծում եմ՝ ընդդիմության համար շատ դժվար կլինի հետագա բողոքի ցույցեր անցկացնելը, մանավանդ որ ընդդիմադիր լիդերների մեծ մասը կամ բանտարկված են, կամ գտնվում են երկրից դուրս»:

Քաղաքագետի կարծիքով՝ երկրում առկա ճգնաժամի պատճառը բռնապետական համակարգն է, իսկ առիթը՝ երեկ տեղի ունեցած նախագահական ընտրությունների կեղծումն է:

«Ժողովուրդը հոգնել է բռնապետական ռեժիմում ապրելուց, և սա էլ առիթ էր: Ընտրությունները բռնապետական համակարգերում առիթ է իշխանության դեմ բողոքի ցույցեր սկսելու համար»,- նշեց Վարդանյանը:

Արմեն Վարդանյանի կարծիքով՝ իշխանությունը մի քանի պլան ունի այսպիսի իրավիճակներում. միշտ չէ, սակայն, որ ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես կանխատեսել են. «Չնախատեսված իրավիճակներ են ի հայտ գալիս: Անհնար է ամբողջությամբ մոդելավորել քաղաքական գործընթացները նման պայմաններում: Միշտ էլ իրավիճակը դուրս է գալիս վերահսկելու ուղղությունից, և շատ դժվար է նման դեպքերում ձեռքը դնել իրադարձությունների զարկերակին և ամբողջությամբ զգալ, թե ինչ է կատարվում:

Եթե երկարեն բողոքի ցույցերը, բազմաթիվ մարդիկ, բողոքի ցույց անող անձինք, վախենալով հետագա ճնշումներից, կհեռանան երկրից և կհաստատվեն հարևան երկրներում, և այս իմաստով հարևան երկրների վրա այսպիսի ազդեցություն կունենա»:

Քաղաքագետը հավանական է համարում, որ Բելառուսում տեղի կունենա հեղափոխություն:

«Եթե ընդդիմադիր լիդերներին հաջողվի բողոքի ցույցերը շարունակել մեծ թափով, և չմարվի ցույցերի կրակը, ապա ինչպես շատ երկրներում, այնպես էլ Բելառուսում կլինի հեղափոխություն»,- եզրափակեց Արմեն Վարդանյանը:

Բելառուսի ԿԸՀ–ի տվյալներով,  ընտրության արդյունքները հետևյալ տեսքն ունեն.

  • Ալեքսանդր Լուկաշենկո` 80,23%,
  • Սվետլանա Տիխանովսկայա` 9,90%,
  • Աննա Կանոպացկայա` 1,68%,
  • Սերգեյ Չերեչեն` 1,13%,
  • Անդրեյ Դմիտրիև` 1,04%։

 

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close