ՄիջազգայինՆորություններ

Ինչպես են տեղափոխում Ախալքալակում սպանության մեջ մեղադրվողին. քաղաքում է Վրաստանի ՆԳ փոխնախարարը

Վրաստանի ՆԳՆ-ն հաղորդել է սպանության մեջ մեղադրվող անձի ձերբակալության մասին: Կուլիկամ գյուղից 27-ամյա երիտասարդի սպանությունն անկարգություններ էր հրահրել Ախալքալակում:

Կանխամտածված սպանության, հրազենի ապօրինի ձեռքբերման և պահելու մեղադրանքով կալանավորվել է 37-ամյա Ա.Գ.-ն: Քննությամբ պարզվել է, որ նա վիճաբանության ժամանակ վիրավորել է 27-ամյա Կ.Մ.-ին. երիտասարդը մահացել է հիվանդանոց ընդունվելուց անմիջապես հետո:

Որպես ապացույց, ոստիկանությունը մեղադրյալից առգրավել է հանցագործության գործիքը: Ձերբակալվածին սպառնում է 7-15 տարվա ազատազրկում:

Օգոստոսի 8-ի երեկոյան մի խումբ քաղաքացիներ հրդեհել են Ախալքալակի կենտրոնում գտնվող «Արտսեկ» հյուրանոցը և չորս տներ, վնասել են մի քանի ավտոմեքենա: Հարձակումներն իրականացվել են հրաձգության ենթադրյալ մասնակիցների հետ կապված օբյեկտների վրա:

Անկարգությունների ընթացքում մի քանի մարդ վիրավորվել է, 3-ը դիմել են Ախալքալակի հիվանդանոց: Նրանցից մեկը դանակով վիրավորվել է մեջքից, իսկ երկուսը ստացել են մատների կոտրվածքներ: Անհրաժեշտ օգնություն ցուցաբերելուց հետո նրանք հեռացել են կլինիկայից:

Իրավիճակը կայունացնելու համար Ախալքալակում մոբիլիզացվել են ՆԳՆ հատուկ նշանակության ուժերը և տեխնիկան: Խստացվել է քաղաքի մուտքերի և ելքերի նկատմամբ վերահսկողությունը: Զուգահեռաբար իրավապահները շարունակել են իրենց աշխատանքը ամբողջ գիշեր: Քննչական միջոցառումներ են իրականացվել սպանության վայրում և մի քանի այլ տարածքներում, որտեղ տեղի են ունեցել անկարգությունները:

Այսօր առավոտյան քաղաք է ժամանել Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն: Ըստ նրա, այս պահի դրությամբ քաղաքում իրավիճակը հանգիստ է:

«Ինչպես տեսնում եք, իրավիճակը կայուն է: Ոստիկանությունը մոբիլիզացվել է՝ հասարակական կարգը և անվտանգությունը պահպանելու համար », — լրագրողներին ասել է Բորցվաձեն:

«Աշխատանքներ են տարվում հանցագործներին հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ», — ասված է ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Աղբյուր՝ newsgeorgia.ge

Back to top button