Նորություններ

«Լիբանանը բանալիի դերակատարում ունի տարածաշրջանում. այս պետության տարածքում բախվում են բազմաթիվ շահեր»

«Ակնհայտ է, որ գործ ունենք տեխնածին աղետի հետ և, ըստ էության, վտանգավոր քիմիական տարրի պահպանության կանոնների խախտման հետ, որի արդյունքում է տեղի ունեցել պայթյունը, ինչը ողբերգական հետևանքների բերեց։ Հետևաբար որևէ այլ վարկած, ըստ էության, շինծու է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արևելագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Լիբանանի նավահանգստում տեղի ունեցած մահաբեր պայթյունին։

Արևելագետի խոսքերով՝ Լիբանանը բանալիի դերակատարում ունի տարածաշրջանում: «Մերձավոր Արևելքի դարպասն է՝ Միջերկրական ծովի հատվածում, և այս իմաստով այս պետության տարածքում բախվում են բազմաթիվ շահեր, մի շարք պետությունների՝ թե՛ տարածաշրջանային, թե՛ արտատարածաշրջանային, բայց կարծում եմ՝ հիմա այն ժամանակն է, որ բոլոր այս երկրները պետք է ըստ էության աջակցեն, որպեսզի Լիբանանի ժողովուրդը կարողանա ոտքի կանգնել և դուրս գալ ճգնաժամային իրավիճակից՝ հաշվի առնելով, որ աղետին զուգահեռ այս երկրի ներսում չափազանց վատ տնտեսական իրավիճակ է, և Լիբանանը կարիք ունի աջակցության, ոչ թե շահերի բախման»,- հայտարարեց Ոսկանյանը։

Ըստ արևելագետի՝ բոլոր ներքին և արտաքին խաղացողները պետք է նպաստեն, որպեսզի տեղի ունենա ազգային համախմբում, հակառակ պարագայում՝ առկա ճգնաժամին դիմագրավելը չափազանց բարդ կլինի, եթե ոչ անհնար։

Անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին՝ արևելագետը նշեց.

«Այս պահին չեմ կարծում, որ քաղաքացիական պատերազմի վտանգ կա, ավելի շատ դժգոհությունը կառավարությունից է և հիմնական պահանջը՝ վարչապետի հրաժարականն է, բայց ցույցերը և գործողությունները ամենևին չեն նպաստում, որպեսզի Լիբանանի ներսում հանդարտ լինի մթնոլորտը. երկիրը բազմազան խնդիրներ ունի իշխանության հետ՝ կոռուպցիոն ներգրավվածության, հասարակական խնդիրներին լուծում չտալու առումով, բայց հիմա ավելի արդիական է աղետի հետևանքները վերացնելը, քան քաղաքական խնդիրներ պարզելը»,- ասում է Ոսկանյանը։

Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի լիբանանյան այցին՝ նշեց, որ Ֆրանսիայի նախագահը փաստացի ցույց տվեց մի կարևոր հանգամանք, որ Ֆրանսիան աջակցում է Լիբանանի ժողովրդին. «Եվ այս իմաստով՝ կարծում եմ, որ չափազանց ոգևորիչ էր նաև լիբանանյան հասարակության համար։

Ես ասել եմ, որ այդ աջակցությունը պետք է լինի ոչ միայն բարոյական տիրույթում, այլև կոնկրետ ֆինանսական աջակցության տրամադրման առումով։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լիբանանը Մերձավոր Արևելքում ամենախոշոր քրիստոնեական համայնք ունեցող պետությունն է և ձևավորվել է որպես քրիստոնյաների շահերի պաշտպան պետություն՝ ֆրանսիական գաղութատիրության ավարտից հետո, հետևաբար կարծում եմ, որ Ֆրանսիայի դերակատարությունը այս հարցում մեծ կլինի, զգալի և շոշափելի»։

Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ պետք չէ տեղի տալ այն մտայնությանը, թե Լիբանանի ներսում իշխանությունների և ազգաբնակչության միջև ստեղծվել է անջրպետ, այլ պետք է ուղղակի աջակցություն տրամադրել այս պետությանը՝ որպես երկիր և որպես ժողովուրդ։

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստի տարածքում երեքշաբթի հզոր պայթյուն էր որոտացել, ինչը բազմաթիվ մարդկային և նյութական կորուստների պատճառ է դարձել։

 

Անահիտ Չալիկյան

Back to top button