Նորություններ

Վանաձորում գողը կամ գողերը մեկ գիշերում թալանել են մի քանի ավտոտնակ

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օգոստոսի 8-ին մի քանի գողություններ են տեղի ունեցել Վանաձորում: Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի 12 շենքի բակից գողը կամ գողերը 3-ից ավել ավտոտնակներ են թալանել, կոտրել են նույն շենքի բնակիչ, 44-ամյա Արամ Գ.-ին պատկանող ավտոտնակի դռան փականը, այնուհետև մտել այնտեղ և գողացել 6 հատ անվադող, իսկ ավտոտնակում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայի հետևի ձախ դռան փոքր ապակին կոտրելով, սրահից գողացել են դրամապանակը:

shamshyan.com-ի տեղեկություններով՝ դրամապանակի մեջ եղել է 200 հազար դրամ, բանկային և զեղչի քարտեր և 1 հատ սպորտային ատրճանակ, որը օրինական եղել է տիրոջը: Ընդհանուր առմամբ՝ Արամ Գ.-ին պատճառվել է մոտ կես միլիոն դրամի վնաս: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Սա առաջին դեպքը չէ, որ գողերն ավտոտնակ են թալանում, սակայն չգիտես ինչու, ոչ միայն գողությունները չեն ավարտվում, այլ տեղի ոստիկանությունը չի կարողանում կամ չի ցանկանում բացահայտել ու վերջ տալ այս գողությունների շղթային:

Գողությունների մասին իմանալով՝ ժամանել են ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ, բայց դե հույս էլ չունենք որ կբացահայտվի: Ամեն նման դեպքերից հետո նույն ոստիկանության դեմքերը գալիս են դեպքի վայր, արձանագրում հանցագործությունները, հույս տալիս, որ կբացահայտվի, սակայն այդ ամենը «գրվում է սառույցին»: Բնակիչներն ու ոստիկանները գողերի կողմից գողացված անվադողերի մի մասը հայտնաբերել են դեպքի վարի հարևանությամբ գտնվող Տանձուտ գետում:

Բնակիչները հույս ունեն, որ գոնե այս անգամ տեղի ունեցածը կբացահայտվի. «Հակառակ դեպքում՝ ստիպված ենք լինելու դիմել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին՝ աջակցության և գործին վերահսկողություն սահմանելու նպատակով, քանի որ տեղի ոստիկանությունը էս գործերը «դբա լավը» չի տանում, նկատի ունենք այն բացահայտելու և կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու փաստը»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com 

Back to top button
Close