Նորություններ

Հրկիզված տներից մեկը պատկանում է հյուրանոցի սեփականատիրոջը, մյուս 3-ը՝ նրա հարազատներին. Ախալքալակում իրավիճակն այս պահին հանգիստ է. Սամցխե Ջավախքի նահանգապետ

Ոստիկանությունը վերահսկում է իրավիճակը Ախալքալակում, որտեղ այսօր անկարգություններ են տեղի ունեցել, այս պահին քաղաքում իրավիճակը հանգիստ է: Այս մասին լրագրողներին հայտնել է Սամցխե Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին:

Ախալքալակում տեղի ունեցած անկարգությունները սկսվել են օգոստոսի 8-ի երեկոյան: Դրանց նախորդել է հրաձգությունը և Կուլիկամ գյուղի 27-ամյա բնակչի սպանությունը: Մոտ երկու տասնյակ մարդիկ հրկիզել են Ախալքալակի կենտրոնում գտնվող «Արտսեկ» հյուրանոցը, ինչպես նաև 4 տուն: Ենթադրաբար, տներից մեկը պատկանում է հյուրանոցի սեփականատիրոջը, մյուս 3-ը՝ նրա հարազատներին:

Տների և հյուրանոցի հրդեհները մեկուսացվել են: Ըստ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալների՝ հրդեհների ժամանակ ոչ ոք չի տուժել:

Անկարգությունների մասնակիցները ծայրաստիճան ագրեսիվ են եղել: Բախումների ժամանակ վնասվել են մի քանի տրանսպորտային միջոցներ, առնվազն մեկ մարդ վիրավորվել է և տեղափոխվել քաղաքի հիվանդանոց:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Կուլիկամի բնակչի սպանության գործով: Քրեական գործ է հարուցվել, կասկածյալների ձերբակալության մասին դեռեւս տեղեկություններ չկան:

newsgeorgia.ge

Back to top button
Close