Նորություններ

Ալրաղացի Լյովիկի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին միջնորդություն է ներկայացվել

ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովիկի» նկատմամբ որպես ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Լևոն Սարգսյանը մեղադրվում է մոտ 12 տարի առաջ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։

Ավազակային հարձակումը տեղի է ունեցել 2008 թվականի հոկտեմբերին։ Այն ժամանակ հայտարարվեց, որ «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանը և Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը ստեղծել են հանցավոր համագործակցություն, որի անդամների կողմից կատարվել են մի շարք աղմկահարույց, առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու դեպքեր, այդ թվում` ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման դեպքը։ 2011թ. մայիսին կայացված դատավճռով հանցավոր համագործակցության 10 անդամները դատապարտվել էին երկարատև՝ մինչև 15 տարի ժամկետով ազատազրկման։

2018 թվականին ԱԱԾ-ն հայտարարեց, որ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, հանդիսացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանը «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը, ով, լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արմեն Ավետիսյանի հետ, արդեն իսկ ձևավորված և ավազակային մի շարք հարձակումներ գործած հանցավոր խմբի անդամներին պատվիրել է վերոնշյալ հանցագործության կատարումը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Լեւոն Սարգսյանը հայտնաբերվել եւ ձերբակալվել է ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում՝ 2019 թվականի նոյեմբերի 21-ին։

2020 թվականի մարտին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը բավարարել է Լևոն Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը։

Նա Հայաստան է տեղափոխվել օգոստոսի 6-ին։ Նա գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում։

Back to top button
Close