Նորություններ

Ասորիները հայերի վրա ամենամեծ ազդեցություն թողած ժողովուրդներից են․ Ստեփան Դանիելյան

Լիբանանի ասորիների մասին բանավեճի առիթով մի քանի խոսք էլ ես ասեմ․ մեր պատմության դասագրքերը թերի են ու մեր իրական պատմության մասին միակողմանի տեղեկություններ են պարունակում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Ասորիները հայերի վրա ամենամեծ ազդեցություն թողած ժողովուրդներից են, ինչը մինչեւ այժմ առկա է։ Ասորիները մեր տարածաշրջանի ամենակրթված ժողովուրդներից են եղել՝ առաջին առևտրականները, առաջին քրիստոնյաներն և այլն։ Քրիստոնեությունը հայերի շրջանում հենց ասորիներն են տարածել, Ավետարանը և մյուս գրքերը սկզբնական շրջանում ասորերենից են թարգմանվել, առաջին աստվածաբանները, որոնք հայերին կրթում էին, հենց նրանք են եղել։ Շատերդ կհիշեք «Սասունցի Դավիթ» էպոսից հայտնի Սուրբ Կարապետ վանքը՝ Գլակավանքը, որի անձնակազմը մոտ  200 տարի ասորիներ էին, հենց այդտեղ էին քրիստոնեական գրականությունը թարգմանվում հայերեն ու պատահական չէ, որ Խորենացին հայերի պատմությունը գրելիս ասորական աղբյուրներից էր օգտվում», գրել է քաղաքագետը։

Գլակավանքն, ըստ Ստեփան Դանիելյանի, երկար ժամանակ հայերի ինտելեկտուալ կենտրոնն է եղել․

«Ավելին, կրոնական տերմիններն (խունկ, խորան, վեղար, քահանա, մագաղաթ և այլն) ու հոգևորականների հանդերձանքը,  եկեղեցիների սկզբնական ճարտարապետությունը նույնպես ասորական ազդեցություն ունեն։ Նույնը բիզնեսի ոլորտին է վերաբերվում, անգամ բառապաշարի՝ շուկա, խանութ և այլն։

Որ Սամուելին Սամվել ենք ասում, Մանուելին՝ Մանվել, Իոաննին՝ Հովհաննես և այլն,  ասորական արտասանության ձևերն են, որ հոգևորականներին դիմում են «տեր» ձևով ասորական «մար» ձևի թարգմանությունն է և այլն։

Չեմ խոսում  Մաշտոցի մասին, որը հենց ասորիներին էր դիմել տառերի ստեղծման գործում օգնության համար։

Մեծ թվով ասորիներ հայացել են, լրացնելով մեր գենոֆոնդը։

Սա շատ համեստ թվարկում էր հայ-ասորական հարաբերությունների մասին», գրել է Ստեփան Դանիելյանը։

Back to top button
Close