ՆորություններՔո ձայնը

«Այդ քննիչը քրեական աշխարհի ներկայացուցիչ է եղել, բավական ազդեցիկ, հետո իրեն «թռցրել» են». քրեական ենթամշակույթ կրող մենթերից է, որ պետք է ազատվենք»

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տարիներ առաջ ինձ մտերիմ մի մարդու գործով հանդիպել եմ մի բարձրաստիճան քննիչի հետ։ Ձեռքի դաջվածքները՝ «նակոլկաները» ինձ զարմացրեցին, հետո ուրիշ տեղից իմացա, որ ժամանակին այդ քննիչը քրեական աշխարհի ներկայացուցիչ է եղել, բավական ազդեցիկ։ Հետո իրեն «թռցրել են» (չպատմեմ թե ինչու, էական էլ չի)։ Ու նա որոշել է «մուռ հանել» իրեն վիրավորած հանցակիցներից ու մտնելով իրավապահ համակարգ սկսել է հերթով «հանձնել» նրանց (դե ինչ ուներ կորցնելու արդեն «թռցրածը»)։

Ու քանի որ ներսից լավ տիրապետել է թե քրեական ենթամշակույթին, թե շատերին լավ ճանաչել է՝ արագ առաջ է գնացել ծառայողական սանդղակով։ Իրավապահ համակարգում, հատկապես ոստիկանությունում նմանները ինչպես որ շատ էին նախկինում, շատ են նաեւ այժմ։ Բայց հատկապես շատ են շարքային ոստիկանների մեջ։ Հենց նմաններին է ընդունված անվանել «մենթ»։ Սրանք նույն քրեական ենթամշակույթի կրողներն են, ովքեր շատ ավելի ստորին՝ «քուչի» մակարդակներում են նվաստացված լինում իրենց «ախպերության» կողմից (այո՛, այո՛, հենց էն «ախպերության», ում շրջապատում ընդունված է մեծ-մեծ կենացներ իրար շռայլել, բայց հետո իրար վրա հազար ու մի ձեւ «ֆռալով» ինքնահաստատվել ու «առաջ գնալ» այդ գայլային ենթամշակույթում) ու «մուռ հանելու» այլ տարբերակ, քան մտնել ոստիկանություն ու դառնալ «բռնող» չեն գտնում։

Կան նաեւ տարբեր օլիգարխների կողմից համակարգ ներդրվածներ, ովքեր մի տարօրինակ ու զարմանալի հոգեբանական-արժեբանական հնարքի, ես կասեյի՝ ֆոկուսի միջոցավ շարունակում են «ներդաշնակ մնալ» քրեական ենթամշակույթի հետ, լավ հարաբերություն պահպանել «գողական ախպերության», «հեղինակավոր տղերքի» հետ, միաժամանակ կրելով ոստիկանի համազգեստ։ Այդ կեղծ հոգեբանական հնարքների, ինքնախաբեության միջոցով իրենք իրենց սկսում են «լավ տղա» զգալ։ Հենց դա է պատճառը, որ այդպիսիները ակնածանքով են վերաբերում բաժնում հայտնված քրեականների հանդեպ եւ առանց ծայրահեղ անհրաժեշտության, կամ վերեւից եկած հրահանգի, երբեք անհարգալից վերաբերմունք չեն դրսեւորում նրանց հանդեպ, ասես ասել կուզեն՝ «բռատս, չնայես որ վրեքներս էս մենթի շորերն են, մենք էլ քո պես քուչի տղա ենք, ճշտին նվիրված, ախպերությանը նվիրված, ինչ ․․․իս օրենք, ինչ բան»։

Այլ է, եթե նմանի առջեւ բաժնում հայտնվում է որեւէ պարկեշտ, քաղաքակիրթ քաղաքացի։ Այ այստեղ է, որ գալիս է նրա «փառքի» ու «հաճույքի» բաղձալի պահը․նվաստացնել, հայհոյել, խոշտանգել իրենց ձեռքերում հայտնված անպաշտպան այդ քաղաքացուն, այդ «դոդիկին», ինքնահաստատվել քրեական ենթամշակույթի մեջ որպես «խառոշի», «դուխով», «մաչո» տղամարդ, այն, ինչը որեւէ այլ տեղ եւ կերպ նրան անել չի հաջողվի։

Այս քրեական ենթամշակույթ կրող մենթերից է, որ պետք է ազատվենք եթե ուզում ենք ոչ թե միայն ոստիկանություն, այլ պետություն ունենալ։

Կից ներկայացնում եմ երեկ Ամուլսարի պաշտպանությանը նվիրված ակցիային մասնակցած մի երիտասարդի հետ իմ նամակագրությունից մի հատված, որը հրապարակում եմ իր թույլտվությամբ։ Այս բնապահպան երիտասարդին ճանաչում եմ, արվեստասեր, հանգիստ բնավորությամբ, քաղաքավարի ու քաղաքակիրթ, Հայաստանի մեծ ապագային հավատացող մի երիտասարդ է, ով մասնակցել է մեր կազմակերպած թրենինգներին։ Նրա մի բառին անգամ չեմ կասկածում։ Այդպիսի մենթերի մասին շատ եմ լսել, պարզապես հիմնականում Մալաթիա-Սեբաստիայի բաժինն էր միշտ փայլել նրանց առատությունից, այս դեպքում խոսքը Մասիվի բաժանմունքի մասին է։ Ու քրեական ենթամշակույթի կրող այս ՊԱԴՈՆՈԿ-ները պետք է օգտվեն ու չարաշահեն պետության կողմից իրենց տված լիազորություններից քրեական ենթամշակույթ ՉԿՐՈՂ, այդ ենթամշակույթին խորապես խորթ քաղաքացիներին ստորացնելու, ծաղրելու, խոշտանգելու համա՞ր։

Այս դեպքի մասին, որքան գիտեմ, արդեն տեղեկացված են Gayane Abrahamyan-ը եւ Baghdasaryan Nazeli-ն, նաեւ փաստաբաններ Nina Karapetyants-ը եւ Արա Ղարագյոզյան։ Ես կարծում եմ այս դեպքը նվազագույնը ծառայողական քննության առարկա պետք է դառնա ու կադրային հետեւանքներ ունենա այդ պահին բաժնում ներկա բոլոր ոստիկանների համար, բաժնի պետով հանդերձ նրանք պետք է դուրս շպրտվեն համակարգից, իսկ շատ ավելի լավ կլինի, որ քաղաքացու հանդեպ իրեն այսպես պահած ստահակը նաեւ քրեական պատասխանատվության ենթարկվի։

Ընդհանրապես, ոստիկանական, իրավապահ համակարգը պետք է ավելի խստորեն մաքրել քրեական ենթամշակույթ կրող մենթերից։ Վերջապես, վեթինգ է պետք իրականացնել․բազմաթիվ են բարձրաստիճան ոստիկանները, քննիչները, դատախազները, դատավորները, ովքեր իրենց աշխատավարձին անհամարժեք աստղաբաշխական կարողություններ են կուտակել իրենց ծառայության ընթացքում, այդ թվում՝ իրենց ենթակա մենթերի օգնությամբ հազարավոր քաղաքացիների ճակատագրերի հետ խաղալով, գործեր սարքելով, արդարադատությունը խեղելով»։

Back to top button
Close