Նորություններ

«Թուրքիան այս տարածաշրջանում փորձել է ընդհանուր սահման ունենալ Ադրբեջանի հետ». ո՞րն է թուրք-ադրբեջանական ծրագրի մաքսիմումը

«Թուրքիա-Ադրբեջան զորավարժությունների ո՛չ ժամանակահատվածն է պատահական ընտրված, ո՛չ տևողությունը և ո՛չ էլ ձևաչափը»: ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։

Սարգսյանի պնդմամբ՝ զորավարժությունների անցկացման առումով ոչինչ պատահական չէ. «Նույնիսկ եթե այն պլանավորված էր շատ վաղուց, ապա ես վստահ եմ, որ ինչ-որ մոդիֆիկացիաներ իրականացվել են, և սա հստակ ուղերձ է ուղղված Հայաստանին»:

Սուրեն Սարգսյան
Սուրեն Սարգսյան

«Ցանկացած տեսակի զորավարժություն հակառակորդին վախեցնելու, սաստելու կամ ինչ-ինչ հարցերում, այսպես ասած, ապացուցելու միտում ունեն։ Բնականաբար, այստեղ ուղերձի հասցեատեր կարող է նաև Ռուսաստանը լինել, որովհետև Թուրքիան տարածաշրջանում սկսում է շատ ակտիվ գործողություններ իրականացնել, փորձում է ներգրավվածություն ունենալ։ Գիտենք, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում ամենաազդեցիկն է, և Թուրքիան փորձում է ռուսական ազդեցության դեմ քայլեր ձեռնարկել։ Թուրքիան միշտ էլ այս տարածաշրջանում ունեցել է հավակնություններ, բայց միշտ եղել են զսպող հանգամանքներ։ Թուրքիան այս տարածաշրջանում փորձել է ընդհանուր սահման ունենալ Ադրբեջանի հետ, և  այդ սահմանը կարող է լինել, եթե Թուրքիան կամ Ադրբեջանը կարողանան Հայաստանից բռնակցել Սյունիքը։ Այնպես որ, դա թուրք-ադրբեջանական ծրագրի մաքսիմումն է»,-ընդգծեց Սարգսյանը։

Միջազգայնագետն անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին, սպառնալիքներին՝ ընդգծեց, որ Ադրբեջանը մշտապես փորձում է ցույց տալ, որ իր համար որևէ էական տարբերություն չկա՝ Հայաստանը մնում է թշնամի, և կապ չունի՝ Հայաստանի դեմ ուղղված գործողություններն Արցախի ուղղությամբ են, թե Տավուշի։

Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ ակտիվ լայնամասշտաբ գործողություններ դժվար թե լինեն։ «Հիմա ամենակարևորը Ռուսաստանի դերակատարությունն է տարածաշրջանում։ Ակնհայտ է, որ եթե մի խաղացողի ազդեցությունը տարածաշրջանում նվազում է, ապա մյուս խաղացողն այդ նվազման հաշվին պիտի իր ազդեցությունը մեծացնի։ Եթե մեր տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը պակասեց, դրան որպես հակակշիռ ձևավորվելու է թուրքական ազդեցությունը»,- նշեց Սարգսյանը։

Նրա խոսքերով՝ մենք մշտապես պետք է պատրաստ լինենք ադրբեջանական ագրեսիայի՝ բոլոր ուղղություններով։

 

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close