ՄիջազգայինՆորություններ

Մոսկվայի նախաձեռնությամբ Պուտինը Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույց է ունեցել. քննարկվել է Բելառուսում 33 ռուսաստանցու ձերբակալության հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել: Զրույցը տեղի է ունեցել պաշտոնական Մոսկվայի նախաձեռնությամբ:

Կողմերը, մասնավորապես, քննարկել են Բելառուսի հատուկ ծառայությունների կողմից Մինսկի մոտակայքում 33 ռուսաստանցու ձերբակալության հարցը: Բելառուսը ձերբակալվածներին համարում է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինյալներ, որոնք ժամանել են հանրապետություն ՝ նախագահական ընտրություններից առաջ իրավիճակը ապակայունացնելու համար: Ռուսաստանը պնդում է, որ ռուսաստանցիները Մինսկով պետք է անցնեին այլ երկրներ:

Պուտինը և Լուկաշենկոն միմյանց հավաստիացրել են, որ իրավիճակը կկարգավորվի երկու երկրների միջև փոխըմբռնման շրջանակում: Նախագահները պայմանավորվել են պարզաբանել կատարվածի իրական պատճառները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Զրույցի ընթացքում Պուտինը նաև նշել է, որ Մոսկվան շահագրգռված է Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների ընթացքում պահպանել կայուն ներքաղաքական իրավիճակ և հանգիստ մթնոլորտ:

Բելառուսի հատուկ ծառայությունները հուլիսի վերջին ձերբակալել էին 33 ռուսաստանցու: Նրանցից ոմանք ունեն ուկրաինական քաղաքացիություն: Պաշտոնական Կիեւը կասկածում է, որ ձերբակալվածներից ոմանք անջատողականների կողքին մասնակցել են Դոնբասում ռազմական գործողություններին և պահանջել է նրանց արտահանձնումը: Բելառուսի նախագահը հայտարարել էր որոշ ձերբակալվածների արտահանձնելու պատրաստակամության մասին: Բացի այդ, Լուկաշենկոն հանձնարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի գլխավոր դատախազներին հրավիրել Բելառուս ՝ իրավիճակը պարզաբանելու համար:

Աղբյուր՝ svoboda.org

Back to top button
Close