Նորություններ

ՀՀ նախագահը Լիբանանում ստեղծված իրավիճակը եւ լիբանանահայության խնդիրները քննարկել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հետ

Օգոստոսի 6-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ լիբանանահայության հետ կապված խնդիրները քննարկել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Յակոբ Տեր-Խաչատուրյանի հետ։

Կայացած հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ նախագահը եւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն անդրադարձել են պայթյունի հետեւանքով ստեղծված իրավիճակին եւ լիբանանահայության կրած վնասներին։

Նախագահ Սարգսյանն ու Յակոբ Տեր-Խաչատուրյանը մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության կողմից լիբանանահայ համայնքի համար նախատեսվող օգնության վերաբերյալ։

Զրուցակիցները կարեւորել են լիբանանահայությանը անմիջական օժանդակություն հասցնելու անհրաժեշտությունը եւ խոսել են այն հիմնական կարիքների մասին, որոնց դեմ-հանդիման է կանգնած այսօր լիբանանահայ համայնքը։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին այն բանի համար, որ Լիբանանին պատուհասած աղետի այս բարդ պայմաններում եւ դժվարին օրերին, Հայաստանը օգնության ձեռք է մեկնել Լիբանանի մեր հայրենակիցներին։

ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ

06082020 թ

Back to top button
Close