Նորություններ

«Շատ սթրեսային և լարված իրավիճակ է Բեյրութում. այս պահին հոսպիտալում եմ, վնասվել է ուսս». Շանթ Դիշակջյանը՝ Բեյրութից

Շանթ Դիշակջյանը երկար տարիներ ընտանիքի հետ ապրում է Լիբանանում։ Մեր հայրենակիցը ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմել է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքների եւ երկրում ստեղծված իրավիճակի մասին։

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր այցելեց Լիբանան և ոտքով շրջեց Բեյրութի թաղամասերով։ Մի խումբ ցուցարարներ կառավարության և իշխանության դեմ բարձրաձայն հայտարարություններ արեցին Մակրոնի ներկայությամբ։Պատճառն այն է, որ Լիբանանում այս օրերին տնտեսությունը վատ վիճակում է։ Տեղական արժույթն անկում է ապրել, որը ռեկորդային է։ Աճել է գործազրկությունը, աշխատավարձերը նվազել են, երկրում գնաճ է նկատվում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց Շանթ Դիշակջյանը։

Նրա խոսքերով՝ մարդիկ տնտեսական վիճակից են վախենում, որովհետև սարսափելի է, մտահոգված են՝ ինչ անել, որպեսզի ճգնաժամի հետևանքները զրոյանան։

«Դրան գումարվել է նաև նավահանգստում տեղի ունեցած պայթյունը, որի նմանը երբևէ չէինք տեսել, կարծես Հերոսիմայի պայթյունը լիներ։ Բեյրութի 75%-ը քարուքանդ է եղել։ Պայթյունի ալիքը կոտրել է շենքերի կառուցատարրերը, ապակիները։ Ես ինքս վնասվածք եմ ստացել, այս պահին հոսպիտալում եմ գտնվում, ապակին ուսս վնասեց։ Շատ սթրեսային և լարված իրավիճակ է այս պահին Բեյրութում։ Մարդկային կորուստներից բացի, ահռելի ծավալների են հասնում նյութական վնասները»,- նշեց Շանթ Դիշակջյանը։

Ըստ նրա՝ ժողովուրդը դժգոհ է և մերժում է լիբանանյան իշխանությանը:

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստի տարածքում երեքշաբթի հզոր պայթյուն էր որոտացել, ինչը բազմաթիվ մարդկային և նյութական կորուստների պատճառ է դարձել։

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close