Արտակարգ դեպք Վանաձորում. 44-ամյա տղամարդը Վանաձորում մտել է «Varks.am» և «Մոգո» վարկային կազմակերպություններ և դիզվառելիքով այրվող շիշը նետել ներս ու դիմել փախուստի

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձոոի հրշեջ փրկարարական ջոկատը, սակայն հրշեջներն անելիք չեն ունեցել, քանի որ տեղի ուժերով նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ, ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արամ Հարությունյանի գլխավորությամբ, ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ և ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ կասկածյալի մոտավոր ինքնությունը պարզել են և մի քանի հասցեներ են մեկնել, որից հետո Գուգարքի ոստիկանները հայտնաբերում են նրան, ով բերման է ենթարկվում ոստիկանություն։
Նա Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Լևոն Մ-ն է։
Գ. Շամշյանի տեղեկություններով, երբ ոստիկանները պարզում են նրա ինքնությունը և պարզում են՝ որտեղ է նա գտնվում, այցելում են այդ վայր, և այդ ժամանակ Լևոն Մ-ն զանգահարում է ոստիկանություն և հայտնում, որ ինքն է հեղինակը։
Փաստի առթիվ նշված ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: