Նորություններ

«Պայքարը ամեն անգամ նոր ուժ էր ստանում հիվանդիդ՝ «դու վաղը տուն ես գնալու» լուրը հայտնելիս վերջինիս ուրախ արձագանքից». բժիշկ

Ռուզաննա Գրիգորյանը՝ մասնագիտությամբ ֆթիզիատոր (թոքախտաբան) է։ Աշխատում է Աբովյանի Թոքաբանության ազգային կենտրոնում։ Ռուզաննան մյուս բժիշկների հետ արդեն ամիսներ շարունակ առաջնագծում է։

«Մարտ ամսվա վերջերից արդեն ծրագրի ու աշխատանքի մեջ եմ եղել առ այսօր։ Մեր հիվանդանոցից առաջինը ինձ գործուղեցին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց։ Ընթացքում ինձ միացան նաև մյուս կոլեգաներս»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում Ռուզաննա Գրիգորյանը պատմում է ամիսներ տևած պայքարի, բժշկական առօրյայի մասին։

«Սկզբում դժվար էր՝ նոր կոլեկտիվ, նոր հիվանդություն, խուճապի մատնված հիվանդներ, բայց ընթացքում ընտանիքի նման են դառնում։

Միայն դեղորայքային բուժումը քիչ էր, պետք էր մարդու հոգու հետ էլ երկար աշխատեիր։ Բավական է հիվանդը վստահի քեզ, առավոտ կանուխ անհամբեր՝ աչքը ճամիդ, սպասում է իր բժշկին, որ մի երկու խոսք հետդ փոխանակի։ Բայց գիտեք ամենի մեջ որն էր հետաքրքիրը, որ մեկ հոգով 40-ից ավելի ստացիոնար հիվանդ ունես և հատիկ-հատիկ գիտես բոլորի անունները, վարակվելու պատմությունը, ընտանեկան ու սոցիալական վիճակները, բայց ամենքին մոտենում ես անհատապես։ Բաժանմունքներից դուրս էինք գալիս սպառված, համազգեստներս քամելու չափ թաց, իսկ բերանդ ու կոկորդդ արևի տակ չորացած լինելու չափ ցավոտ. մի դեպքում՝ հիվանդի հետ երկար խոսելուց, մյուս դեպքում՝ դիմակը դեմքիդ սոսնձված լինելուց։ Պայքարը ամեն անգամ նոր ուժ էր ստանում հիվանդիդ՝ «դու վաղը տուն ես գնալու» լուրը հայտնելիս վերջինիս ուրախ արձագանքից։

Հոգնել չկար, որովհետև գործոնը սերն է, դրդիչ ուժը՝ քո առջև դրված նպատակը, իսկ ամեն օրվա ապահովող էներգիան՝ տուն գնացող հիվանդների ժպիտները»,- պատմում է բժիշկը։

Ռուզաննան պատմում է, որ համավարակի պայքարում բժշկական համազգեստի հագնելն ու հանելն էր դժվար, ասում է՝ գրագետ մոտեցում էր պետք, չնայած որ պրոցեսը նուրբ արվեստ է դարձել։

Մարմինդ ճկռում է ծանրաբեռնված աշխատանքի հետևանքներից, բայց ժամանակ չի եղել այդ ամեն ինչը զգալու։ Հյուրանոցից վազում էինք հիվանդանոց։

«Զգացմունքները՝ կարոտ, լաց, մի կողմ էին քաշվել։ Ամիսներով տուն չես գնում։ Տանից զանգում են, անջատում ես, մտքումդ ասում՝ հիմա ավարտեմ կզանգեմ, ու տեսնում ես, որ դառնում է գիշերվա ժամը 2-3-ը։ Խոսակցության սկիզբը դե՝ բարև, մա՛մ, լավ եմ, դու ո՞նց ես։

Էլ բան չես հիշում, առավոտյան արթնանում ես, հեռախոսդ բարձիդ կողքին։ Զարթուցիչը անջատելուց հետո հասկանում ես, որ հեռախոսը ականջիդ խոսելիս ծանրացած կոպերդ կպել են իրար այն աստիճանի, որ չես լսել մորդ ձայնը»։

Ռուզաննա Գրիգորյանն ասում է, որ համավարակի ավարտից հետո շատ բան ունի հիշելու.

«Կհիշեմ բոլոր նրանց ծննդյան օրերը, որը անցկացվել է COVID-ոտ պատերի ներսում, Օրթոպեդիկ հիվանդանոցի 5-րդ հարկից բացվող առողջաբեր տեսարանները՝ մայրամուտն ու լուսաբացը։ Ուզեմ էլ՝ չեմ մոռանա սերը, որ COVID 19-ը նվիրեց, որովհետև նա կլինի բժշկուհու կյանքի անբուժելի «ուղեկցող հիվանդությունը»»,- եզրափակեց բժիշկը։

Back to top button
Close