Նորություններ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Lexus RX 350, Mitsubishi Grandis, ВАЗ 2110, ВАЗ 21112 մակնիշի ավտոմեքենաները

Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Lexus RX 350, Mitsubishi Grandis, ВАЗ 2110, ВАЗ 21112 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Սևանի հրշեջ-փրկարարները:

Վիրավորներից երկուսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները, իսկ Սևանի բժիշկները, մինչև նրանց հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Կարեն Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close