Նորություններ

Կրկնայցերը բացահայտում են՝ արդեն դիտարկված տնտեսավարողների զգոնությունը թուլանում է. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների լայնածավալ մշտադիտարկումները հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում արձանագրել են ամենատարբեր խախտումներ, որոնք հայտնաբերվում են արդեն դիտարկված տնտեսավարողների մոտ: Ակնհայտորեն կա մտայնություն, թե մեկ անգամ արդեն ստուգված օբյեկտներ այլևս այցելություն չի լինելու, և թուլանում է զգոնությունը:

Այս առումով այսօր Տեսչական մարմնի Երևանի և Կոտայքի մարզային կենտրոնների խստացված համատեղ ստուգայցերը մտահոգիչ պատկեր են արձանագրել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:

ՍԱՏՄ-ն կասեցման միջնորդություններ կներկայացնի պարետատուն դիտարկված կազմակերպություններից առնվազն կեսի վերաբերյալ, քանի որ դրանցում պարետի սահմանած նորմերի զգալի մասը չի պահպանվել. թերի են եղել ախտահանման ու ջերմաչափման մատյանների գրառումները, ոչ բոլոր նախատեսված տեղերում են առկա եղել փակ աղբամաններ և ախտահանիչ միջոցներ, հանրային սննդի որոշ կետերում չեն ջերմաչափել հաճախորդներին:

Վերահսկիչ մարմնի ներկայացուցիչները տվել են խախտումների վերացման ցուցումներ և խորհրդատվություն՝ տեղեկացնելով, որ կրկնայցերը շարունակական բնույթ են կրում:

Այսօր նաև ծանուցվել են հանրապետության սննդի ոլորտում գործող՝ ՀՀ պարետի սահմանած կանոնները նախորդիվ խախտած մի շարք տնտեսավարողների նկատմամբ կիրառված կասեցման որոշումները. Ստեփանավան քաղաքում 24 ժամով դադարեցվել է գրեթե մեկ տասնյակ կազմակերպությունների գործունեությունը: Կասեցումներ եղել են նաև այլ մարզերում:

Վերահսկողական աշխատանքները կշարունակվեն. ՍԱՏՄ-ն հորդորում է չթուլացնել զգոնություը, պահպանել բարեխիղճ մոտեցումն ու անցած շաբաթ արձանագրած շոշափելի դրական արդյունքը:

 

Back to top button
Close