Նորություններ

«Մաշտոցի պուրակում հատված ծառերը, ինչպես եւ հայտնել ենք, փոխհատուցվելու են»

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը սոցցանցի իր էջում գրել է.

 

Մի քանի կարեւոր կետ՝ քաղաքապետ Մարությանի ասուլիսից.

Մաշտոցի պուրակի սկզբնամասի տարածքում ներկայիս վարձակալը մինչեւ 2019-ը սեփականության իրավունքով շինություններ է ունեցել: 2018-ի մայիսի 16-ին այն ժամանակվա քաղաքապետը մեծացրել է վարձակալության տարածքը շուրջ երեք անգամ՝ 350 քմ-ի փոխարեն դարձնելով 1048 քմ:

Քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման շրջանում այս վերջին որոշումը չեղարկվել է, իսկ տարածքում սեփականության իրավունքով գրանցված շինությունները բանակցությունների միջոցով քանդվել են, վերանայվել է դրանց սեփականության իրավունքը:

Փոխարենը՝ տարածքի վարձակալը իրեն պայմանագրով վերապահված ժամկետում տարածքի արդիականացման հնարավորություն է ստացել: Վարձակալության ժամկետի ավարտից հետո տարածքը՝ շինությամբ հանդերձ, կանցնի համայնքին: Այսքանով իսկ համայնքը շահում է, որովհետեւ սեփականության իրավունքը շարունակելու էր գործել՝ անկախ վարձակալության ժամկետից:

Տարածքում արդիականացման թույլտվությունից հետո քաղաքապետարանի հողի վերահսկողության վարչության աշխատակիցները 4 անգամ խախտումներ են հայտնաբերել եւ վարչական տույժի են ենթարկել կառուցապատողին՝ այս տարվա փետրվարին, մայիսին եւ հուլիսին (երկու անգամ): Վերջին տուգանքը կազմվել է հուլիսի 23-ին: Ներկայումս ոուսումնասիրվում են խախտումների ծավալները եւ դրա հիմքով համապատասխան իրավական հետեւանքները՝ ընդհուպ մինչեւ շինթույլտվության կասեցում:

Մաշտոցի պուրակում հատված ծառերը, ինչպես եւ հայտնել ենք, փոխհատուցվելու են՝ նույն տարածքում, ավելի մեծ քանակով, ավելի որակյալ ծառատեսակներով (սոսի՝ չինարի) եւ հասուն տնկիներով (մոտ 15 սմ տրամագիծ ունեցող բներով):

‼️Մաշտոցի պուրակը հանրության սեփականությունն է:

Back to top button
Close