Նորություններ

Ինձ առաջադրված անձերը չեն հետաքրքրում, այլ հետաքրքրում են այդ անձանց առաջադրած մարդկանց պատկերացումները դատաիրավական համակարգի նկատմամբ. Ն. Նորիկյան

Հուլիսի 31-ին Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին։

ՍԴ դատավորի թափուր տեղի համար Դատավորների ընդհանուր ժողովին 2 դատավոր էր իր թեկնածությունն առաջադրել՝ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը։

ՍԴ թեկնածուի ընտրության, ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման և դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանի հետ։

«Իշխանությունը հիմա սկսել է դատական իշխանության փոփոխության, բարեփոխումների կամ որակապես այլ ՍԴ ստեղծելու մի պրոցես, և ինձ համար հասկանալի չէ՝ այդ թեկնածուներին առաջ բերելով արդյոք գործող քաղաքական իշխանությունն այդ մարդկանց դեմքով է տեսնում որակապես նոր ՍԴ-ն։

Ես ընդհանրապես անձերի դեմ խնդիր չունեմ, նրանց մասնագիտական կարողություններին վերաբերող որևէ կասկած չունեմ։ Ինձ այդ անձերը չեն հետաքրքրում, այլ հետաքրքրում են այդ անձանց առաջադրած մարդկանց պատկերացումները դատաիրավական համակարգի նկատմամբ։

Կառավարությունն այստեղ մի կարևոր հարցի պատասխան պիտի տա. արդյո՞ք այդ թեկնածուներով ՍԴ-ի դեմքը կփոխվի և մենք կունենանք որակապես ուրիշ ՍԴ։ Կարծում եմ ժամանակը ցույց կտա, կապրենք կտեսնենք»,- հայտարարեց Նորիկյանը։

Ըստ փաստաբանի՝ Սահմանադրական ճգնաժամը չի հանգուցալուծվել։

«Ես կարծում եմ, որ ընդհանրապես դատական համակարգում ստեղծված ճգնաժամը հաղթահարելուն միտված ուղիները դեռևս չեն տալիս ցանկալի արդյունք։

Մասնավորապես ՍԴ խնդրի շուրջ, ինչպես առաջ եմ ունեցել, հիմա էլ ունեմ նույն համոզմունքը, որ այդ խնդիրը կարող է լուծվել վերանձնային հարթության մակարդակում։ ՍԴ փոփոխությունների և հանրաքվեի միջոցով, որի արդյունքում կունենայինք որակապես այլ Սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմին, 100%-ով նոր անձանցով ՍԴ վերափոխված կազմ։

Դատաիրավական համակարգում վստահությունը վերականգնելու, հասարակության վերաբերմունքն ու տրամադրվածությունը դատական իշխանության նկատմամբ փոփոխելու առումով, համենայնդեպս, մինչ այս պահը չի տալիս դրական արդյունք»,- ասում է փաստաբանը։

Նորայր Նորիկյանի կարծիքով՝ դատաիրավական համակարգում բարեփոխումներ չեն լինում, որովհետև չեն կատարվում ռազմավարական տեսանկյունից այն քայլերը, որոնք հնարավորություն կտան հանրությանը արձանագրելու, որ այս ոլորտում տեղի է ունեցել իսկական բեկում։

«Արդարադատության իրականացման պրոցեսը հանրության աչքերի տեսադաշտում է, և հանրությունը տեսնում է, որ համակարգում իրականացվող քայլերը շատ դեպքերում ընտրովի են, պայմանավորված քաղաքական այս կամ այն բաղադրիչներով, ինչը հնարավորություն չի տալիս համոզմունք ձևավորելու՝ արդար դատական համակարգի կայացվածության համար»,- եզրափակեց Նորայր Նորիկյանը։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում երեք թափուր տեղերն առաջացել են մեկ ամիս առաջ Հայաստանում ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում, երբ դադարեցվեցին Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները։

 

Back to top button
Close