Նորություններ

Սպանություն՝ Լոռու մարզում. կինը «Բիոնիկ» ՍՊԸ-ի տարածքում հայտնաբերել է ամուսնու դին

Երեկ՝ օգոստոսի 3-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։05-ի սահմաններում Վանաձորի շտապօգնութան կայանից ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դարպաս գյուղի Գործարանային փողոցի թիվ 1 հասցե, որտեղ տղամարդու դի է հայտնաբերվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վաչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի, ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մելինե Եղշատյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մարգարյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 68-ամյա Աշոտ Հակոբյանն էր, և որ նույն օրը, ժամը 20։40-ի սահմաններում, 57-ամյա Անահիտ Եղիազարյանը սպանության վայրում՝ «Բիոնիկ» ՍՊԸ-ին պատկանող բլոկի արտադրամասի տարածքում գտնվող շինության 2-րդ հարկում, հայտնաբերել է Ա. Հակոբյանի դին։

Դատաբժիշկը տեղում հայտնել է, որ դիակի արտաքին զննությամբ գլխի շրջանում հայտնաբերվել է վնասվածք։

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր նշված ՍՊԸ-ում՝ որպես պահակ, իսկ Ա. Եղիազարյանը նրա կինն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close