Նորություններ

Բեռլինում բողոքում են ընդդեմ դիմակների, երբ դիմակն է նրանց գլխավոր պաշտպանը

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում հազարավոր մարդիկ բողոքի են դուրս եկել ընդդեմ կորոնավիրուսի պատճառով սկսված սահմանափակումների: Ցուցարարներն ասում են, թե ուժի մեջ դրված կանոնները, այդ թվում դիմակ կրելու պարտադրանքը ոտնահարում են իրենց ազատությունները: Փորձագետներն ասում են, թե եվրոպական երկրների շարքում համաճարակից Գերմանիայում ամենաքիչը տուժելու գլխավոր պատճառը հենց դիմակ կրելն է եղել:

Բեռլինում ‘’Ազատության օր’’ անվանումը ստացած բողոքի այս ցույցին մասնակցել է մոտ 15 հազար մարդ: Ցույցի մասնակիցները պարզել են պաստառներ, որոնց վրա գրված են. ‘’Կորոնա. կեղծ ահազանգ’’ եւ ‘’Մեզ պարտադրում են կրել դնչկալներ’’:

Ըստ տեղից հաղորդող լրագրողների, մասնակիցների մի մասը ներկայացնում են ծայրահեղ աջ շարժումը, մի մասն էլ դավադրությունների տեսության հետեւորդներ են, որոնք չեն հավատում, որ կովիդ 19 հիվանդությունն ընդհանրապես գոյություն ունի: Մասնակցում են նաեւ քաղաքացիներ, ովքեր պարզապես դժգոհ են համաճարակի նկատմամբ կառավարության վարած քաղաքականությունից:

Ըստ Գերմանիայի կանոնների, մարդիկ պարտավոր են դիմակներ կրել խանութներում ու հասարակական փոխադրամիջոցներում, պարտավոր են պահպանել սոցիալական հեռավորություն եւ հետեւել հիգիենայի կանոններին:

Պարտադիր է այն բոլոր անձանց թեստավորումը, ովքեր Գերմանիա են վերադառնում հիվանդության կենտրոններ դարձած երկրներից:

Գերմանիայում վերջերս նկատվում է կորոնավիրուսի նոր դեպքերի աճ: Ուրբաթ օրն այստեղ գրանցվել է նոր ավելի քան 900 դեպք: Մահացել է յոթ մարդ:

Համաճարակը սկսվելուց ի վեր Գերմանիայում կորոնավորիսով է վարակվել ավելի քան 210 հազար մարդ: Հիվանդությանն այստեղ զոհ է գնացել նրանցից 9 հազարը:

Back to top button
Close