Նորություններ

«Ցավը չի մեղմվում, կարոտին դիմանալ չի լինում». Ապրիլյան պատերազմի հերոսների ծնողներ

Պատերազմից 3 տարի անց արդեն կարծրացած ցավից խոսում են Ապրիլյան պատերազմի հերոսների ծնողները: Կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստը, նշեց՝ ցավը չի մեղմվում, կարոտին դիմանալ չի լինում: Խաղաղությունից հարցրինք, ասաց՝ բոլոր մայրերով պատրաստ են միանալ խաղաղության կոչերին: Տիկին Համեստն ու ապրիլյան քառօրյայում զոհված բոլոր հերոսների ծնողներն ու հարազատներն այսօր Եռաբլուրում էին՝ խնկարկելու հերոսների անմահ հիշատակին:

Անցած օրերի ցավը կրկին վերապրելով ապրիլյան պատերազմի հերոս Բագրատ Ալեքսանյանի մայրը՝ տիկին Նարինեն, հպարտությամբ որդու սխրանքների մասին պատմեց: Թալիշում զոհված պայմանագրային զինծառայող Սասուն Մկրտչյանի մայրիկին խնդրեցինք պատմել Սասունի մասին՝ ինչպիսին էր նա կյանքում, առօրյայում, ծառայությունից դուրս, ասում է՝ Սասունի ամբողջ կյանքը կապված էր ծառայության հետ, զինվորական գործն իր ընտրությունն էր, մենք հարգեցինք նրա որոշումը:

Սերժանտ Ադամ Սահակյանի պատգամն էլ մեզ փոխանցեց նրա մայրը՝ Գայանե Անտոնյանը, ասաց՝ Ադամի պատգամը ապրելն էր: Ապրելու պատգամը սրտում հերոսը 5 ժամ շարունակ մարտնչել էր թշնամու դեմ՝ հասցնելով նրան զգալի կորուստներ: Հերոսաբար մարտնչեց նաև այսօր արդեն Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը կամ մոնումենտցի Կյաժը:

Զրուցեցինք Ռոբերտի ուսուցչի հետ, ով պատմեց, որ Ռոբերտը միշտ օգնել է թույլերին, սիրել է մարտական գործը: Եռաբլուրում էին նաև Ապրիլյան պատերազմի մեր կողքին ապրող, կենդանի հերոսները:

Ավելին
Back to top button
Close