Նորություններ

«Թուրքիան ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի տարածաշրջանում ունենա ներկայացվածություն, բայց շնորհիվ Ռուսաստան-Իրան տանդեմի՝ դա նրան չի հաջողվում». թուրքագետ

Մինչև օգոստոսի 10-ը շարունակվելու են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնց ընթացքում օգտագործվելու են տարբեր զինատեսակներ, մասնակցելու են երկու երկրների զինված ուժերի ՀՕՊ և զենիթահրթիռային ստորաբաժանումները:

Այս և այլ թեմաների շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանի հետ։

Պարոն Հովհաննիսյան, Նախիջևանում Թուրքիայի ակտիվ ներգրավմամբ վերջին զորավարժությունների հիմնական ուղերձը ո՞րն է:

-Թուրքիա-Ադրբեջան համատեղ զորավարժությունները չպետք է ցավագին ընդունել, որովհետև այդ զորավարժությունները որպես այդպիսին իրականացվում են և որոշակի պայմանագրերի ու համաձայնագրերի ներքո։ Սակայն այս զորավարժության բացառիկությունը նրանում է, որ այն տեղի է ունենում նաև Ադրբեջանի մնացած բնակավայրերում, և այս առումով միայն կարող ենք ասել, որ այս զորավարժությունը որոշակի միտում ունի, և միտումն այն է, որպեսզի ցույց տան թուրք-ադրբեջանական համատեղ եղբայրական ուժը։

Թուրքիան ի՞նչ ծրագրեր ունի տարածաշրջանում, և ինչպիսի՞ զարգացումներ են կանխատեսվում՝ հաշվի առնելով հարևան Իրանի և Ռուսաստանի արձագանքը։

— Թուրքիայի նպատակն այն է, որ ներկայացվածություն ունենա Հարավային Կովկասում, և Թուրքիան հատկապես ԽՍՀՄ փլուզումից հետո ավելի է ակտիվորեն ներգրավվել այդ գործընթացում և փորձում է տարածաշրջանում լինել լիդեր։ Եվ հենց այստեղ կարծես թե բախվում են մի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի, մյուս կողմից Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի շահերը։ Չնայած այն բանին, որ Թուրքիան ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի տարածաշրջանում ունենա ներկայացվածություն կամ որպես կողմ հանդես գա, շնորհիվ Ռուսաստան-Իրան տանդեմի՝ դա նրան չի հաջողվում։

Այս օրերին նաև ՌԴ ԶՈՒ Հարավային օկրուգում են ստուգումներ և զորավարժանքներ տեղի ունենում։ Արդյո՞ք պատահական է ընտրված ժամանակահատվածը:

-Իհարկե պատահական չէ, որովհետև հենց այդ նույն ժամանակահատվածում ոչ միայն ՌԴ Հարավային օկրուգում է զորավարժությունները, այլ նաև հարևան Իրանում։ Այսինքն, ստացվում է, որ տարածաշրջանում խաղացող երկրներն իրականացնում են զորավարժություններ, որոնց հետևում են պատասխան գործողություններ։ Եթե նայենք՝ զորավարժություններին ինչպիսի ստորաբաժանումներ են ներգրավված, ապա ակնհայտ է դառնում, որ խոսքը գնում է հեռահար սցենարով զորավարժության մասին, որն էլ իր հերթին ենթադրում է պատասխան զորավարժություն։

Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանի նկատմամբ ոտնձգությունները կամ խոշորամասշտաբ սադրանքները հնարավոր համարո՞ւմ եք:

-Թուրքիայի և ՀՀ սահմանի վերաբերյալ կարող եմ ասել, որ քիչ հավանական է որևէ ռազմական սադրանք, սակայն գաղտնիք չէ, որ Թուրքիան միջնորդավորված ձևով է ներգրավված հայ-ադրբեջանական հակամարտությունում։ Օրինակ, 2016 թ.ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հենց Թուրքիայի ստորաբաժանումները՝ հատկապես հատուկ նշանակության ջոկատներն էին ներգրավված Մատաղիսի ուղղությամբ։ Բայց ուղղակի իմաստով հայ-թուրքական սահմանին որևէ ռազմական գործողություն որ կլինի, ես բացառում եմ։

 

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close