Նորություններ

«Օրինակներն աչքի տակ ունենալով՝ դժվար է մոտակա ժամանակներս ընդդիմադիր ուժերի հաջողված կոնսոլիդացիա ակնկալելը». Մ. Հարությունյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանյան ՌԲԿ-ին տված հարցազրույցում խոսել էր Ռուսաստանի կառուցողական դերակատարման մասին, օրեր առաջ կառավարության նիստին Փաշինյանը մեկ այլ հայտարարություն արեց՝ նշելով, որ այն երկրները, որոնք Ադրբեջանին զենք են մատակարարում, ագրեսորի հանցակիցներ են։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների, Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական իրավիճակի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքագետ Մովսես Հարությունյանի հետ։

«Դիվանագիտության մեջ յուրաքանչյուր խոսք իր մեջ պարունակում է հստակ ուղերձ՝ ուղղված կոնկրետ թիրախներին: Չեմ կարծում, որ նշված հայտարարություններում առկա է հակասություն. հակառակը, այդ հայտարարությունները կարելի է բնորոշել որպես իրար հետ փոխկապակցված և փոխլրացնող։ Նորմալ է, երբ դաշնակից երկրները կարող են բարձրաձայնել նաև որոշակի վիճահարույց հարցերի մասին»,- կարծիք հայտնեց Հարությունյանը:

Մովսես Հարությունյան

Քաղաքագետը, անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին, նկատեց՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն ի սկզբանե դատապարտված էր բովանդակային տապալման, քանի որ այն կազմակերպված էր միայն իրենց հաճո լրատվամիջոցների մասնակցությամբ, որի ժամանակ հնչում էին նախապես համաձայնեցված հարցեր:

«Մենք տեսանք, որ տևական ժամանակ լռած Ռոբերտ Քոչարյանի խոսքում չկար նոր ասելիք, ուստի տրամաբանական էր հարցազրույցի գրեթե զրոյական արձագանքը հասարակության շրջանում»,- ասաց Հարությունյանը։

Նրա խոսքերով՝ այս փուլում համախմբումների մասին խոսելը փոքր-ինչ անիրատեսական է, քանի որ մենք տեսնում ենք, որ ձախողվում են անգամ փոքրաթիվ ուժերով ընդդիմադիր ճակատի ձևավորման փորձերը:

«Հիշում ենք, թե ինչպես ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, Արթուր Վանեցյանի, Արթուր Ղազինյանի և Ավետիք Չալաբյանի կուսակցությունները հանդիպումների շարք սկսեցին, բայց կարճ ժամանակ անց նրանք մնացին 3-ով: Այժմ էլ արդեն խոսակցություններ են գնում, որ լարվածություն է առկա նաև ԲՀԿ — Արթուր Վանեցյան հարաբերություններում: Վերոնշյալ օրինակներն աչքի տակ ունենալով՝ դժվար է մոտակա ժամանակներս ընդդիմադիր ուժերի հաջողված կոնսոլիդացիա ակնկալելը»,- ընդգծեց քաղաքագետը։

Մովսես Հարությունյանը, անդրադառնալով քրեական գործերով անցնող պաշտոնյաների հայտարարություններին, թե իրենք քաղաքական հետապնդման են ենթարկվում, ասաց. «Վերջին շրջանում շատ ենք նկատում, երբ որևէ մեկը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվում, միանգամից շտապում են հայտարարել իրենց դեմ իրականացվող քաղաքական հետապնդումների մասին: Սա, այսպես ասած, հատուկ դիրքավորման փորձ է, որով այդ գործիչները փորձում են իրենց ներկայացնել քաղաքական զոհի կերպարում՝ ակնկալելով շահել որոշակի քաղաքական դիվիդենտներ»։

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ արտակարգ դրությունը իշխանության համար լավ միջոց է՝ ընդդիմության ձայնը լռեցնելու, բողոքի ակցիաներ թույլ չտալու համար։

Մովսես Հարությունյանը դիտարկմանն այսպես արձագանքեց. «Ասեմ, որ բազմիցս տեսել ենք, երբ այդ մասին խոսող ուժերը չեն զլացել նաև արտակարգ դրության պայմաններում քաղաքական ակցիաներ իրականացնել, ուստի դրանք համարում եմ մանիպուլյացիա և ոչինչ ավելին»,- եզրափակեց քաղաքագետը։

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close