Նորություններ

«Մեծ ծրագիր ունեն, երբ վերլուծում ես՝ պատերազմի հոտ է գալիս». Ա. Տեր- Թադևոսյան. Փաստինֆո

Արցախի հերոս,  Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատար, գեներալ — մայոր Արկադի Տեր —  Թադևոսյանն այս օրերին  նախընտրում է քիչ խոսել. «Ասելու շատ բան կա, բայց ինչպե՞ս ասեմ,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Արկադի Տեր Թադևոսյանը,- այն, ինչ տեսնում եմ, ասելու բան չի։ Տարածաշրջանը լարված է, Թուրքիային թվում է, թե  մոտ է պանթուրքիզմի երազանքն իրականություն դարձնելու ժամանակը։ Ի՞նչ կատարվեց Այա Սոֆիայի տաճարի հետ։ Բոլորն ասում են՝ Էրդողանն այն մզկիթի վերածեց, բայց դա Էրդողանի միանձնյա որոշումը չի եղել, այլ Թուրքիայում ապրող մուսուլմանների, որն իրականացվեց Էրդողանի ձեռքով։ Թուրքիան հզորանում է։ Միաժամանակ մի քանի պետությունների հետ կռիվ է սկսել, հիմա էլ Ադրբեջանին է դասեր տալիս, թե ինչպես պետք է կռիվ անել, իսկ Ադրբեջանը միայնակ չէ, նրա մեջքի հետևում  Իսրայելն է՝ Անգլիայի ու ԱՄՆ-ի հետ։ Մեծ ծրագիր ունեն, երբ վերլուծում ես՝ պատերազմի հոտ է գալիս։ Հիմա էլ զորավարժություններ են սկսել, որի նպատակը  ուժի ցուցադրումն է։ Ուզում են,  որ մենք ազատե՞նք տարածքները՝ մերոնք չեն ազատի, Ռուսաստանի Դաշնությունը՝ նույնպես։ Իրավիճակը պետք է ճիշտ հասկանալ՝ այստեղ մի պետությունը մյուսի դեմ չի ելել, այլ մի խումբ պետություններ կռվում են մեկ այլ խումբ պետությունների դեմ»։

— Ի՞նչ է ուզում ապացուցել կամ ցույց տալ Թուրքիան այս պահին՝ Նախիջևանում Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններ անելով։

— Ընթացիկ զորավարժությունների հետ կապված Թուրքիան մի քանի նպատակ ունի՝   ստուգել մեր  Հակաօդային պաշտպանության՝ ՀՕՊ-ի վիճակը, հասկանալ, թե ի՞նչ դեր կխաղա այս իրավիճակում Ռուսաստանը և ստուգել նաև  հայկական  բանակի մարտունակությունը։ Միանգամից ասեմ, որ մեր բանակը մարտունակ է, վերջին սահմանային դեպքերի հետ կապված  սա հիանալի կերպով ապացուցվեց։ Մերոնք արեցին առավելագույնը, որ հնարավոր էր այդ իրավիճակում անել։

— Ինչպե՞ս կարելի է բնորոշել ռուսական կողմի դիրքորոշումը ստեղծված իրավիճակում։  

— Ճիշտ և համարժեք այն վերաբերմունքին, որ ստանում է մեր կողմից։ Ինչպես որ մենք ենք վարվում նրա հետ, նույն կերպ ինքն է պատասխանում մեզ։ Իհարկե, Ռուսաստանն իր սեփական հետաքրքրությունն ունի այս տարածաշրջանում, որն անկասկած չի համընկնում Թուրքիայի հետաքրքրությունների հետ։ Այս իմաստով ես լավ չեմ ընկալում  Գյումրու  ռուսական ռազմաբազայի հանման մասին կոչերը, կամ ի՞նչ է նշանակում տավուշյան սահմանային լարված ռազմական օրերին փակել Հայաստանում հեռարձակվող  ռուսական մեդիաալիքները։ Իմ կարծիքով,  մենք Ռուսաստանի նկատմամբ շատ սխալ դիրքորոշում ունենք, որի հետևանքները այս պահին դեռ լավ չենք հասկանում։

— Տարածաշրջանում դեպքերի այսօրինակ զարգացման պարագայում, ովքե՞ր կարող են լինել մեր  ռազմական դաշնակիցները։

— Մեր միակ դաշնակիցն այս պահին Ռուսաստանի Դաշնությունն է, այլ դաշնակիցներ մենք չունենք։ Եթե կարծում ենք, որ ռազմական բախումների պարագայում Եվրոմիությունից գալու են ու մեզ պաշտպանեն,  ապա չարաչար սխալվում ենք, այդպես չի լինելու։ Այնտեղ մենք ոչ մեկին հետաքրքիր չենք։ Իմ կարծիքով,  տնտեսական զարգացման հեռանկարի ակնկալիքով այստեղ շատերն են հույսը դնում Եվրոպայի վրա, բայց քչերն են հասկանում, որ ռազմական և տնտեսական համագործակցությունները լրիվ տարբեր բաներ են։

— Ինչքանո՞վ է հավանական, որ ադրբեջանական կողմն իրականություն կդարձնի պետական բարձրաստիճան պաշտոնյայի բերանով հնչեցված սպառնալիքը՝ հարվածել Մեծամորի ատոմակայանին։

— Դա բլեֆ է։ Հակառակ պարագայում Թուրքիան վաղուց էր ռմբակոծել մեր ատոմակայանը։ Գոյություն ունի քամիների վերաբերյալ  գիտություն, թե որտեղի՞ց  են սկսում ու  ո՞ր ուղղությամբ են փչում քամիները։ Այդ տարածքից քամիներն 80  տոկոսով փչում են հենց Թուրքիայի ուղղությամբ։ Պատահական չէ, որ թուրքական կողմը միշտ բարձրացնում է Մեծամորի ատոմակայանի փակման հարցը, որովհետև ցանկացած վթարի պարագայում վնասը գնում է Թուրքիայի ուղղությամբ։ Ատոմակայանին հարվածելու մասին հայտարարությունները վախեցնելու նպատակ ունեն։ Ամեն պետություն ռազմական հարաբերություններում խոցելի կետեր ունի, որոնք թիրախավորվում են։ Հիմա, ըստ ադրբեջանական հաշվարկների, հայկական կողմի խոցելի կետերն են՝ Մեծամորի ատոմակայանը, Երևան Սիթիներն ու մոլերը (հեղ. ժպտում է)։ Այսինքն, պարզ է, որ մենք ռազմական տեսակետից առանձնապես  խոցելի կետեր չունենք։  Ճիշտ է, մենք էլ  Ադրբեջանին ենք վախեցնում, թե կհարվածենք իրենց խոցելի կառույցներին՝ մեկը հենց՝ Բաքվին։ Բաքուն չպետք է ռմբակոծվի, որովհետև հենց Բաքվի մերձակայքում  10 մլրդ. դոլլարի ներդրում կատարելով այնպիսի մի գործարան են կառուցել, որի ռմբակոծման պարագայում, ոչ միայն Բաքուն, այլև Ադրբեջանը տեղում չեն մնա։  Խոցելի կետ է նաև  Մինգեչաուրի ջրամբարը, որի մասին շատ է խոսվել և այլն։ Խոցելի կետ է նաև այդ պետության սահմաններում կառուցված  նավթամուղը և այլն։ Ատոմակայանին հարվածելու պարագայում առաջ կգան նաև միջազգային  իրավունքի խնդիրներ, այնպես որ,  նրանց այդպիսի  հայտարարություններին  լուրջ վերաբերվել պետք չէ։

Մանրամասները՝ տեսանյութում

Հեղինակ՝  Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button
Close