Նորություններ

«Այս հնարավորությունը պետք է օգտագործվի՝ ձևավորելու Մոսկվա-Երևան-Թեհրան հակաթուրքական առանցք»

«Թուրքիայի ներգրավմամբ վերջին զորավարժություններն իրենց մեջ մի քանի ուղերձներ են պարունակում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց արևելագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։

Նրա կարծիքով՝ դրանով փորձ է կատարվում ազդել Հայաստանի և Արցախի ներքաղաքական և ներհասարակական տրամադրությունների վրա։ «Երկրորդ ուղերձն ուղղված է տարածաշրջանում ակտիվ և կենսական նշանակության շահեր ունեցող այնպիսի պետություններին, ինչպիսիք են Ռուսաստանը և Իրանը, որովհետև Նախիջևանը չափազանց զգայուն հատված է, և այդ հատվածի հանդեպ իրենց զգայունությունը պարբերաբար արտահայտել են թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը։ Մյուս ուղերձն էլ այն է, որ էրդողանական վարչակարգը փաստացի փորձում է ցույց տալ, որ ինքը վերադառնում է Հարավային Կովկաս։ Օսմանականության այդ քաղաքականության շրջանակներում Թուրքիան իր ներգրավվածությունն ունի Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, և այս պահին փորձում է ակտիվ դերակատարություն ստանձնել Հարավային Կովկասում»,- հայտարարեց Վարդան Ոսկանյանը։

Վարդան Ոսկանյան
Վարդան Ոսկանյան

Ըստ նրա՝ այս ամենի արդյունքը բացասական է լինելու, որովհետև թուրքական ավելորդ ակտիվությունը որոշակի անհանգստություն է ի հայտ բերել թե՛ Ռուսաստանում, թե՛ Իրանում, և այս իմաստով որոշակի ուշադրության կենտրոնում է հայտնվել Նախիջևանի հատվածը, որը բնիկ հայկական տարածք է։

Այս օրերին նաև ՌԴ ԶՈՒ Հարավային օկրուգում են ստուգումներ և զորավարժանքներ տեղի ունենում. արդյո՞ք պատահական է ընտրված ժամանակահատվածը: Հարցին Ոսկանյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ ընտրված ժամանակահատվածը պատահական է ընտրված, և հատկանշական է այդ զորավարժությունների անվանումը, հատկապես  Հարավային ռազմական շրջանում, դրանք կրում են «Կովկաս» անվանումը, և նշանակության մակարդակով փաստացիորեն ցույց են տալիս, որ Ռուսաստանը այնքան էլ խանդավառ չէ էրդողանական վարչակարգի Կովկասյան ճակատի ակտիվությունից։ Ռուսաստանը թեև Թուրքիայի հետ ունի որոշակի կապեր և հարաբերություններ, բայց երկարաժամկետ շահեր այս երկու պետությունները չեն կարող ունենալ, որովհետև հենց նույն Կովկասում՝ լինի դա Կովկասի հյուսիսային հատվածը, ՌԴ մաս հանդիսացող Հյուսիսային Կովկասը, Թուրքիայի՝ Հարավային Կովկասում ակտիվ ներգրավվածությունը բացառապես ի հայտ է բերում մարտահրավերներ և ռիսկեր Ռուսաստանի շահերի համար։ Ժամանակին Թուրքիան բացասական սադրիչ դերակատարություն է ունեցել Հյուսիսային Կովկասում, մասնավորապես Չեչնիայում, Դաղստանում՝ օժանդակելով զանազան ահաբեկչական կառույցների»։

Ոսկանյանի խոսքերով՝ այժմ էլ թուրքական վտանգը կա, և դա սկսել է ընդգրկել ավելի լայն աշխարհագրություն՝ այս պարագայում իր մեջ ներառելով նաև Նախիջևանը։

Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից սահմանային սադրանքների եւ արկածախնդրության դիմելու հնարավորությանը, իրանագետը նշեց. «Հիմնական նպատակը Հայաստանի ներսում վախի և խուճապի մթնոլորտ տարածելն է։ Ես ուզում եմ շեշտել, որ Հայաստանում այժմ երկու սերունդ ունենք. մեկը ծնվել և դաստիարակվել է հզոր գերտերության ժամանակահատվածում (ԽՍՀՄ), մյուս սերունդը՝ անկախ Հայաստանի և Արցախի հանրապետությունում, հետևաբար վախի զգացում Թուրքիայի հանդեպ չկա։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր բանակը բազմիցս ցույց է տվել, որ անուղղակի բախումներում Ադրբեջանը հանդես է գալիս որպես Թուրքիայի փաստացի արբանյակ, և այդ անուղղակի բախումներով մեր բանակը գրանցել է հաղթանակներ՝ ջախջախիչ պարտության մատնելով ադրբեջանական ուժերին, որոնք վայելում էին թուրքական օժանդակությունը և որոնք վարժեցվում էին թուրքական զորամիավորումների կողմից, այս իմաստով չեմ կարծում, որ Թուրքիան նման քայլի կդիմի»:

Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ Թուրքիայի արկածախնդրությունը զսպող հանգամանքներից են Հայաստանի անվտանգության ապահովման հայ-ռուսական երկկողմ դաշինքը և ՀԱՊԿ շրջանակի ակտիվ ներգրավվածությունը։

Ընդգծում է, որ բացի այդ, բավական սերտ հարաբերություններ ունենք Իրանի հետ։ Իրանագետի կարծիքով՝ այժմ այս հնարավորությունը պետք է օգտագործվի՝ ձևավորելու Մոսկվա-Երևան-Թեհրան հակաթուրքական առանցք, որը հետամուտ կլինի երկու պետությունների համընկնող շահերին, հատկապես նախիջևանյան հատվածում:

 

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close