«Սկիզբ է դրվում նոր նախահարձակ գործողությունների քաղաքականությանը»

Ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը, անդրադառնալով Ապրիլյան քառօրյա պատերազմին, նշեց, որ այն Ադրբեջանի կողմից ծրագրված ագրեսիվ քաղաքականության շրջանակներում տեղավորվող գործողություն էր:
Ըստ նրա՝ հակառակորդը չկարողացավ ծրագիրն իրականացնել այն մասշտաբներով, ինչպես նախատեսել էր, և, ըստ էության, ձախողեց այն: Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ մեր զորքերի կազմակերպվածության հարցը պետք է ավելի բարձր դրված լինի: Նա օրինակ բերեց օրեր առաջ Մեղրիի զորամասում տեղի ունեցած դեպքը, որը չպետք է լիներ:
«Ես հասկանում եմ, որ ծնողների կողմից հուզական ֆոն կա, իրենց որդիներն են այնտեղ ծառայում, հասկանալի է այս ամենը, բայց բանակը հուզական ֆոնի տեղ չէ»: Տարոն Հովհաննիսյանը շատ կարևոր է համարում օրեր առաջ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարության «Եթե նոր պատերազմ, ապա նոր տարածքներ» մեջբերումը՝ շեշտելով, որ սկիզբ է դրվում նոր նախահարձակ գործողությունների քաղաքականությանը:
«Իրականում եթե դա բացենք, չի նշանակում, որ Հայաստանն է անցնում ագրեսիայի, այլ եթե Ադրբեջանի կողմից վտանգ սպասվի, կամ իրենք փորձեն անցնել ռազմական գործողությունների, ապա հայկական կողմը կդիմի ակտիվ հակահարձակման կամ նախահարձակ գործողությունների, որի արդյունքում Ադրբեջանը կարող է տարածքներ կորցնել, ոչ թե Արցախը, այսինքն սա է քաղաքականությունը»: