Նորություններ

Դատարանը մերժել է «Սարի թաղ»-ում տուժած անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործի կասեցման դեմ բողոքը

2019 թ. ապրիլի   2-ին Երևան Քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վ. Լ. Գրիգորյանի նախագահությամբ մերժել է վերացնել ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործը կասեցնելու վերաբերյալ բողոքը:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ստանձնել է 2016թ.-ի հուլիսի 29-ին «Սարի Թաղ» թաղամասում ոստիկանության գործողությունների տուժած քաղաքացիների պաշտպանությունը: 2018 թվականի նոյեմբերի 17-ին կազմակերպության փաստաբանը բողոքարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից ոստիկանության գործողությունների օրինականության վերաբերյալ քրեական գործը կասեցնելու որոշումը:

Հատուկ քննչական ծառայության  որոշման համաձայն՝ քրեական գործի վարույթը կասեցվել է «որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու» պատճառաբանությամբ:

Կազմակերպության ներկայացուցիչը պնդում է, որ նախաքննության մարմինը բավարար և համակողմանի գործողություններ չի ձեռնարկել խաղաղ հավաքի մասնակիցների մի շարք իրավունքների խախտումների վերացման ուղղությամբ, մասնավորապես.

Քննության առարկա չի դարձել այն հանգամանքը, թե ոստիկանության կողմից ինչու է հատուկ միջոցներ կիրառվել բնույթով խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ,

Ինչու ոստիկանները չեն հեռացրել կամ որևէ կերպ չեն կասեցրել հավաքի ժամանակ առկա սադրիչնեին և նրանց գործողությունները,

Ինչու ոստիկանները չեն հեռացրել կամ որևէ կերպ միջամտել իրենց անմիջական ներկայությամբ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնության դեպքերը,

Ինչու են ոստիկաները հատուկ միջոցներ կիրառելուց հետո հետապնդել խաղաղ հավաքի մասնակիցներին և խոչընդոտել նրանց տրամադրվող բժշկական օգնությունը:

2019 թ. ապրիլի   2-ին Երևան Քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է միայն որոշման եզրափակիչ մասը: Ամբողջական որոշումը ստանալուն պես կազմակերպությունն այն կբողոքարկի ՀՀ Վերաքննիչ դատարան:

Կազմակերպությունն իր բողոքում պնդել է նաև, որ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ իրավական գնահատական չի տվել 2016թ. հուլիսի 29-ին Սարի Թաղում և Խորենացի փողոցում ոստիկանության ծառայողների կողմից օրենքով չնախատեսված կիրառված հատուկ միջոցների օրինականության, համաչափության և անհրաժեշտության հարցին:

Տեղեկացնենք նաև, որ կազմակերպության կողմից 2016թ. հուլիսյան իրադարձությունների (հուլիսի 18-30) վերաբերյալ, այդ թվում 2016 թվականի հուլիսի 29-ին տուժած քաղաքացիների անունից Մարդու իրավունքների Եվրոպական դատարան 32 գանտգատ է ներկայացվել, որից 28 գրանցվել է:

Մասնավորապես, գանգատներում ներկայացվել են բռնության և վատ վերաբերմունքի դեպքերը՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված՝ խոշտանգումների արգելքի ներքո, ոստիկանության կողմից անօրինական բերման ենթարկվելու և ազատությունից զրկելու դեպքերը Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի ներքո, հավաքները ցրելու և անձանց՝ տեղեկատվություն ստանալու անօրինական սահմանափակումները՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված՝ արտահայտվելու ազատության և 11-րդ հոդվածով նախատեսված՝ հավաքների և միավորման ազատության հոդվածների ներքո, ինչպես նաև այս բոլոր 4 դեպքերի կապակցությամբ արձանագրված արդյունավետ պաշտպանության միջոցի բացակայության հարցը ՀՀ դատաիրավական համակարգում՝ Կոնվենցիայի 13-րդ հոդվածով նախատեսված՝ Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի լույսի ներքո:

Back to top button
Close