Նորություններ

«Մենք պատրաստ ենք վերադարձնել Արցախի Հանրապետության գրավյալ տարածքները Ադրբեջանից». Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված բոլոր տարածքների համաչափ զարգացումն իմ գլխավորած կառավարության գործունեության գերակայություններից է, և առաջիկա տարիներին Արցախի Հանրապետության՝ որպես քաղաքական միավորի, դիրքերը պետք է միայն ամրապնդվեն:

Այս մասին Մարտունու շրջանի համայնքի ղեկավարների հետ կայացած հանդիպմանն ասել է Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը:
Օրակարգային հարցերից զատ, հանրապետության նախագահն անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարությանը, որը խտացնում էր թեմայի վերաբերյալ նրա կառավարման ողջ շրջանի հռետորաբանությունը:
«Արցախի Հանրապետության գոյությունն անհերքելի իրողություն է, որը չընդունելը, նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի հետ հաշվի չնստելը հավասարազոր է առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը մերժելուն: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ստեղծված իրավիճակում Արցախի Հանրապետության իշխանության, ժողովրդի հետ քաղաքական ու ռազմական շանտաժի հռետորաբանությունը հղի է անդառնալի հետևանքներով և տարածաշրջանում հանգեցնելու է հումանիտար աղետի՝ բառիս ուղիղ իմաստով: Արկածախնդրությունը, ուժի սպառնալիքները մեզ համար շարունակում են մնալ անընդունելի գործելաոճ:
Հակադարձելով մեր ժողովրդի ու պետականության ֆիզիկական գոյության նկատմամբ ցանկացած սպառնալիքի՝ մեկ անգամ ևս հաստատում եմ մեր վճռականությունը, որ Պաշտպանության բանակը, թիկունքում ունենալով հայ ժողովրդի անվերապահ աջակցությունը, պատրաստ է ոչ միայն պաշտպանելու մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի անվտանգությունը, այլև, անհրաժեշտության դեպքում, հակահարված տալու հակառակորդին, ավելին՝ մենք պատրաստ ենք վերադարձնել Արցախի Հանրապետության գրավյալ տարածքները Ադրբեջանից: Մեր ժողովրդի պատմական հայրենիքում ապրելու և արարելու անձեռնմխելի իրավունքը սակարկման ենթակա չէ»,- մասնավորապես նշել է հանրապետության նախագահը:

Back to top button