Նորություններ

ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Ապրիլի 2-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: 

Ողջունելով դեսպանին՝ Վալերիյ Օսիպյանը բարձր գնահատեց Հայաստանի և Եվրամիության սերտ համագործակցությունը և ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ: 

Խոսվեց ճանապարհային ոստիկանության բալային համակարգի ներդրման և Երևանում նոր ստեղծվելիք շարժական պարեկային ծառայության մասին:
ՀՀ ոստիկանության պետը նշեց, որ այս ուղղությամբ շարունակվում են իրականացվել համապատասխան աշխատանքներ՝ արդյունավետ և որակյալ ստորաբաժանում ունենալու համար:

Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ողջունեց ոստիկանությունում բարեփոխումներն ու դրանք կյանքի կոչելու համար աջակցություն հայտնեց:

Դեսպանը նշեց, որ վերջին շրջանում նկատելի են ոստիկանությունում դրական փոփոխությունները: Դրա շնորհիվ է նաև, որ էականորեն մեծացել է հասարակության վստահությունը ոստիկանության հանդեպ:
Կողմերը քննարկեցին փորձի փոխանակման, շարժական պարեկային ծառայության թեմայով եվրոպական երկրների համապատասխան մասնագետների մասնակցությամբ դասընթացներ կազմակերպելու, ստորաբաժանման ծառայողների վերապատրաստման, հանդերձավորման և սպառազինության վերաբերյալ հարցեր: 

Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Back to top button
Close