Միջազգային

«Բուտիրկա» մեկուսարանում մահացել է հայազգի բանտարկյալը, ով բողոքում էր սպառնալիքներից

Մոսկովյան «Բուտիրկա» քննչական մեկուսարանում մահացել է բանտարկյալը, ով մի քանի օր է բողոքում էր իրեն հասցեագրված սպառնալիքներից եւ գումար շորթելու դեպքերից: Ինչպես գրում է svoboda.org-ը, այդ մասին հայտնել է Մոսկվայի Հանրային դիտորդական հանձնաժողովի քարտուղար Իվան Մելնիկովը, ով ստուգում անցկացնելու համար արդեն դիմել է մայրաքաղաքային դատախազություն:

Մելնիկովը նշել է, որ իրեն դիմել է «Բուտիրկա» մեկուսարանում պահվող Բագրատ Բաղինյանի փաստաբանը: Բաղինյանը մեղադրվում էր թմրանյութերի անօրինական շրջանառության համար:

Պաշտպանը հայտնել է, որ մահվանից մի քանի օր առաջ Բաղինյանը տեղափոխվել է այլ կալանախուց, ինչից հետո նրա հարազատներն են սկսել ստանալ սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ եւ հեռախոսազանգեր՝ գումար փոխանցելու պահանջով: Այնուհետ մեղադրյալն է զանգահարել հարազատներին եւ գումար խնդրել՝ ասելով, որ «ցանկանում է մեկուսարանից ողջ դուրս գալ»:

Բաղինյանի փաստաբանը հայտնել է, որ մահացածի մարմնի վրա հայտնաբերվել են բռնության բազմաթիվ հետքեր:

Մեկուսարանի բուժանձնակազմի եւ շտապ բուժօգնության ծառայության բժիշկներն իրենց հերթին հայտնել են, որ մահվան պատճառ է հանդիսացել սիրտ-անոթային անբավարարությունը, իսկ Բաղինյանի մարմնի վրա վնասվածքներ չեն եղել:

Բաղինյանի փաստաբանը կարծիք է հայտնել, որ մեկուսարանի ղեկավարությունն անհրաժեշտ տեղեկատվություն չի հայտնում, որպեսզի քողարկի խախտումները: Ավելի վաղ մեկուսարանի բժիշկները դատարան են ներկայացրել տեղեկանք, որում նշված է եղել, որ Բաղինյանի առողջական վիճակը բավարար է եւ սրտի հիվանդություն չունի:

 

Աղբյուր՝ svoboda.org

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Back to top button
Close