Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Գյումրիում երրորդ թատրոնն է գործելու. կույր թատրոն` ազատ ոճի և ազատ մտածողության

ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանի գաղափարն է Գյումրիում ստեղծել թատրոն, որը իր բովանդակային առումով տարբեր է լինելու։

«Թատրոնի գաղափարը վաղուց էր ծնվել։ Մեզ հարկավոր էր մի տեղ, որտեղ ես կստեղծեի իմ պատկերացրած թատրոնը. այն կույր թատրոն է՝ ազատ ոճի և ազատ մտածողության։

Հիմնական նպատակն այն է, որ հանդիսատեսը գա «Մտորումների թատրոն», և նրա մոտ մտորում առաջանա՝ կյանքի, դժվարությունների և այլնի մասին։

Մենք հավակնություններ չունենք մրցակցելու կամ մեծ մասսաներ հավաքելու, այլ 30-40 հանդիսատես»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Հովհաննես Հովհաննիսյանը։

Դերասանի խոսքերով՝ փոքր սրահներում կոնտակտը ավելի ջերմ և տաք է, թատերական մթնոլորտը ավելի շիկացած է, բայց թատրոնում դժվար է մթնոլորտը պահել։

«Մտորումների թատրոնի բաղադրիչ մասերից է ստվերների թատրոնը։

Ստվերների թատրոնը անցյալ դարի 60-ական թթ. վերացավ։

Մենք մեծերից ժառանգեցինք այդ թատրոնը, բայց վատ վիճակում, և այս թատրոնում սիրողական մակարդակով են զբաղվել»,- ասում է նա։

«Մտորումների թատրոնում» ներկայացվելու են փոքր պիեսներ՝ 2 կամ առնվազն 4 դերակատարներով, մոնոներկայացումներ։

«Այս թատրոնը բացեցի նրա համար, որ թատերական ինստիտուտի ուսանողները, նկարիչները իրենց ստեղծագործական ուժերը սպառելու տեղ ունենան։

Նրանք միշտ փնտրտուքների մեջ են։

Սա հարթակ է, որտեղ պետք է խիզախել և ստեղծագործել։

Թատրոնը, գիտեք, հոգու հետ զրույցի միջավայր է, դերասանն աշխատում է հանդիսատեսի զգայարանների հետ»,- ընդգծեց Հովհաննես Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով՝ բոլոր ժամանակներում էլ ասել են, թե թատրոնը սպառում է իրեն, բայց թատրոնն ապացուցել է, որ միշտ կա և պետք է լինի, որովհետև հանդիսատեսը ուզում է կենդանի զրույց, կենդանի միջավայր դերասանի հետ։

Ասում է՝ հանդիսատեսին միշտ էլ հնարավոր է հետաքրքրել, որովհետև լավագույն բանն անգամ հարյուր տարին մեկ կրկնվում է։

«Ժամանակի հետ շատ թատերական ժանրեր ծնվեցին, շատերն ապրեցին, շատերն էլ իրավունք չունեցան ապրելու, որովհետև հանդիսատեսը չընդունեց, մերժեց այդ ժանրը (իրապաշտական, բնապաշտական, սարսափի»,- ասաց ՀՀ վաստակավոր արտիստը։

Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով՝ դերասանական կազմի ընտրության հարցում նախապատվությունը չի տրվել դերասանի պրոֆեսիոնալ լինելուն, այլ նպատակն այն է, որ նոր ասելիքով, կրեատիվ մտածող երիտասարդ սկսնակ դերասաններին բացահայտեն։

«Թատրոնը դեռ կենսունակությունը ցույց չի տվել. առայժմ անունը կա, անվանումը չկա։

Ունենք պատրաստի ներկայացումներ, որոնք համավարակի ավարտից հետո կհանձնվեն հանդիսատեսի ուշադրությանը. Հայկ Հակոբյանի «Ծիլը ցորենի արտում», Լեոնիդ Ենգիբարյանին նվիրված «Ծաղրածուն՝ աշունը սրտում»։

Ամեն ուրբաթ հանդիսատեսին կնվիրվի Գյումրվա հումոր, մեր անունը դուրս է եկել, պիտի հումորով լինենք։ Ուզում ենք վերականգնել Գյումրու հումորը, բառն ու բանը»,- ասում է նա։

Հովհաննես Հովհաննիսյանն ասում է, որ իրենց կարևոր նպատակներից է նաև «Ուրախ Գյումրի» թատերախմբի վերականգնումը։ Ասում է՝ ժողովուրդը միանգամից սիրեց, բայց երկրաշարժից հետո մոռացան։

 

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close