Նորություններ

Թուրքիայի սցենարը ձախողվեց, բայց դա չի նշանակում, որ հրաժարվել են իրենց ծրագրից. ռազմական փորձագետ

Սադրանքը, որը սանձազերծվեց Ադրբեջանի կողմից, Թուրքիայի ծրագիրն էր։ Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

«Թուրքիան Ադրբեջանի միջոցով փորձում է լարումներ առաջացնել, այսպես ասած, Ադրբեջանի ձեռքով փորձում է կրակից շագանակներ հանել։

Թուրքիան այստեղ նպատակ է հետապնդում, և հիմնական նպատակը՝ Ադրբեջանում օրենքի թույլտվությամբ, իշխանությունների հրավերով միջազգային հանրությանը փաստարկված հիմնավորումներով զինուժի ներկայություն ապահովելն է։

Հայկ Նահապետյան

Թուրքիան երկար տարիներ ռազմական ներկայացուցչություն ունի Ադրբեջանում՝ ոչ միայն ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության, այլ նաև հրահանգիչների և հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողների, և հիմա ամեն ինչ անում է, որպեսզի օրինականացնի այդ ամենը, իսկ օրինականացման համար անհրաժեշտ է լուրջ հիմնավորում և դրդապատճառ։ Ադրբեջանը  հիմնավորում է, որ, այո, անհրաժեշտ է Թուրքիայի և ոչ միայն Թուրքիայի, այլև ՆԱՏՕ-ի այլ երկրների զինուժը մտնի իր երկիր, որպեսզի պաշտպանի և ապահովի նավթագազատարների, երկաթգծի անվտանգությունը։

Ընդ որում, Թուրքիայի ծարգիրն այն է, որ ՌԴ-ն և՛ քաղաքական, և՛ ռազմական  առումով ներգրավվի այս գործընթացում, որից հետո ներգրավվածությունը լինելու է ՀԱՊԿ-ի անդամներինը մի կողմից և ՆԱՏՕ-ի անդամներինը մյուս կողմից»,- ասում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանակն սահմանին տիրող իրավիճակին։

Ռազմական փորձագետի խոսքերով՝ այս պահին Թուրքիայի սցենարը ձախողվեց, բայց դա չի նշանակում, որ Թուրքիան և իր արևմտյան գործընկերները, ռազմաքաղաքական դաշնակիցները հրաժարվել են իրենց ծրագրից։

Նրա կարծիքով՝ Ադրբեջանի ղեկավարությունը լուրջ հետևություններ է արել հայկական կողմի՝ ռազմական առումով տված արժանի հարվածից հետո։

Նահապետյանն ընդգծում է՝ չի բացառվում, որ  ժամանակ առ ժամանակ կլինեն սադրանքներ Ադրբեջանի կողմից։

Անդրադառնալով այն կարծիքներին, որ Ադրբեջանի կողմից նման գործելաոճը ներքին լսարանի համար է, Նահապետյանն աում է․ «Չեմ կարծում, որ այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի տասներկուսից, և քիչ թե շատ տեղի ունեցողը Իլհամ Ալիևի վարկանիշի բարձրացման համար էր արվում։

Ամեն ինչ պետք է դիտել աշխարհաքաղաքական այն գործընթացների համատեքստերում, որը տեղի է ունենում մասնավորապես մեր տարածաշրջանում։ Սա ոչ այնքան արցախա-ադրբեջանական կամ արցախյան հիմնախնդրի լուծման բանակցությունների հետ է առնչվում, որքան տարածաշրջանային ուժային կենտրոնների ներգրավվածության»։

Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե Հայաստանը վազել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) պաշտպանություն խնդրելու, Նահապետյանը ցնդաբանություն անվանեց:

«Ադրբեջանը կորցրեց 13 անօդաչու թռչող սարք։ Մենք ունենք հակառակորդի օդային հարվածը դիմագրավելու այլևս գործնականում հայ-ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի արդյունավետ աշխատանք։

Ադրբեջանական կողմի ցամաքային ներխուժման փորձերը ևս ձախողվել են, նրանք ստացել են արժանի հակահարված՝ թողնելով զոհեր, վիրավորներ։

Ընդ որում, հայկական կողմը թույլ տվեց ադրբեջանական կողմին, որ իրենց դիակները հանի հայկական դիրքերի  տարածքից։ Ադրբեջանը կրել է պարտություն»,- եզրափակեց ռազմական փորձագետը։

Նահապետյանը հիշեցնում է 2018թ. հունիսին Հայաստանի և ՌԴ-ի միջև կնքված համատեղ հակաօդային պաշտպանության համակարգի մասին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերը մտել էին համատեղ պաշտպանության օդային սահման, և հայկական զինուժի հաջողությունը տեղի է ունեցել համատեղ ուժերով։

Back to top button
Close