Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

«Ովքե՞ր են դավաճանել Ալիևին. Մամեդյարովի դեմ վարկաբեկիչ թղթապանակը պատրաստել են Ադրբեջանի հատուկ ծառայությունները»

«Ադրբեջանա-հայկական դիմակայության զոհասեղանին Բաքուն դրեց արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին, որին նախագահ Իլհամ Ալիևը հակամարտության սրացումից հետո «չկարողացավ գտնել աշխատավայրում»: Դավաճանություն և զտում»,- «Ռեգնում»-ում գրում է քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

«Մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի պաշտոնանկության հետ կապված իրավիճակը՝ նշվել է, որ դա շատ անհասկանալի է՝ պատճառահետևանքային կապ ունեցող սյուժեների բացակայությամբ, և որ այս ուղղությամբ շատ բան անպայման պետք է բացահայտվի նոր նախարարի գործողությունների մեկնարկից հետո»,- նշում է հոդվածագիրը:

Տարասովը շարունակում է. «Այն, ինչ տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նոր արտգործնախարար Ջեյխուն Բայրամովի միջև տեսակոնֆերանսի ընթացքում, մեր կարծիքով, ժամանակակից համաշխարհային քաղաքականության մեջ աննախադեպ էր: Ահա թե ինչ է ասել Ալիևը (մեջբերում ենք Բաքվի լրատվամիջոցներից). «Արտերկրում գտնվող մեր դիվանագետներից ոմանք վերածվել են այն երկրների դեսպանների, որտեղ նրանք աշխատում են: Սրան պետք է վերջ դրվի: Սա կադրային սխալ քաղաքականության դրսևորում է: Որոշ դիվանագետներ դավաճանություն են կատարել պետության դեմ, դավաճանել են և չեն էլ թաքցնում դա: Նրանք գտնվում են այն երկրների հատուկ ծառայությունների վերահսկողության տակ, որտեղ նրանք ապրում են: Այս մասին մենք բավականաչափ տեղեկություններ ունենք»:

Այս կապակցությամբ նա Բայրամովին հանձնարարել է հետևյալը. «Նախևառաջ անհրաժեշտ է անդրադառնալ նախարարության համակարգում իրավիճակի առողջացմանը: Անհրաժեշտ է վերլուծություն կատարել և միջոցներ ձեռնարկել թերությունները վերացնելու համար: Նախարարության տարբեր գերատեսչությունների, ներառյալ բարձրաստիճան պաշտոնյաների միջև պատշաճ համակարգվածության ապահովման անհրաժեշտություն կա: Ես կսպասեմ անհրաժեշտ քայլերի մասին ձեր առաջարկություններին»:

Ըստ Ալիևի՝ «ադրբեջանական դիվանագիտությունը պետք է լինի հարձակողական, ոչ թե պասիվ և պաշտպանողական»: Նա հիշեցրել է, որ բազմիցս հրահանգել է նախարարությանը և դեսպանություններին, թե ինչ քայլեր են անհրաժեշտ ղարաբաղյան հակամարտության հետ կապված, ինչպես փոխգործակցել արտասահմանյան մամուլի հետ և պատասխանել Ադրբեջանի հասցեին հնչող մեղադրանքներին:

Նախագահի խոսքով՝ ադրբեջանական դիվանագիտությունը «երբեմն զբաղվում է անիմաստ գործերով, անիմաստ բանակցություններով, և այդ ցուցումները չեն կատարվում, դիվանագետները համաքայլ չեն շարժվում երկրի հաջող զարգացմանը»: Մամեդյարովի դեմ վարկաբեկիչ թղթապանակը պատրաստել են ադրբեջանական հատուկ ծառայությունները, որոնք կոմպրոմատներ են հավաքել որոշ դիվանագետների վրա (նրանց անունները, ինչպես և հյուրընկալող երկրները, չեն նշվում): Նրանք որակվում են որպես նախկին նախարարի կողմից նշանակվածներ, և նրանց նկատմամբ դավաճանության մեղադրանքները կարող են որոշակի պայմաններում ուղղորդվել նաև Մամեդյարովի դեմ: Միանգամայն հնարավոր է, որ որոշ ադրբեջանցի դիվանագետներ, հասկանալով, թե առաջադրված մեղադրանքով ինչ է սպառնում իրենց, կարող են հրաժարվել վերադառնալ հայրենիք:

Սա արդեն կդառնա քաղաքական սկանդալ: «Դավաճանների» աշխարհագրությունը նույնպես կարևոր է: Ոչ բոլորն են առնչվում ղարաբաղյան խնդրի հետ: Անհասկանալի է նաև, թե ինչու է փորձառու քաղաքական գործիչ Ալիևը որոշում կայացրել հարված հասցնել իր դիվանագիտական ​​ծառայությանը ոչ թե հայ-ադրբեջանական սահմանի Թովուզի հատվածում տեղի ունեցած միջադեպից առաջ կամ հետո, այլ հենց հակամարտող կողմերի միջև շարունակվող ռազմական դիմակայության ժամանակ: Այդ քայլին դրդել նրան կարող էին միայն արտառոց իրադարձությունները: Բայց ո՞ր մեկը: Մեր կարծիքով Ալիևի համար Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած իրադարձություններն ինչ-որ չափով անսպասելի էին, առավել ևս Երևանի կոշտ պատասխանը: Ըստ երևույթին, հայկական հետախուզությունն ուներ որոշակի տեղեկություններ, որոնք թույլ տվեցին գործել այնպես, ինչպես նրանք արեցին: Արդյունքում, չգիտես ինչու, Բաքուն ոչ թե գեներալներին դրեց ադրբեջանա-հայկական դիմակայության զոհասեղանին, այլ արտաքին գործերի նախարարության ղեկավարին, որին Ալիևը «չէր կարողացել գտնել աշխատավայրում»՝ Հայաստանի հետ սահմանին էսկալացիայի սկսվելուց հետո: Չնայած Մամեդյարովն այդ ժամանակ հասցրել էր հեռախոսով զրուցել ռուսաստանցի իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ:

Հետևաբար, ամենամեծ անարդարությունը կլիներ բոլոր խնդիրները բացառապես բարդել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի վրա: Չէ՞ որ արտաքին քաղաքականության մեջ նոր տարրեր ներդրեց հենց ինքը՝ Ալիևը:

Ինչ վերաբերում է սահմանին տեղի ունեցած ռազմական բախումներին, ապա դրանք վերսկսվել են: Մի շարք պետություններ և միջազգային կազմակերպություններ անհանգստություն են հայտնել իրավիճակի վերաբերյալ և կողմերին երկխոսության կոչ են արել: Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է իրավիճակը կայունացնելու համար գործակցել Բաքվի և Երևանի հետ: Տագնապի ազդանշաններ հնչեցրեց Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: Նա կարծում է, որ Ադրբեջանը պատրաստել և պատրաստում է երկրի հասարակական կարծիքը պատերազմի համար»:

 

Աղբյուր՝ Ռեգնում

Back to top button
Close