Նորություններ

««Յաշմա»-ի «մարտիկները» շատ մտերիմ կապեր ունեն ահաբեկչական կառույցների հետ և պատրաստություն են անցնում Թուրքիայում. ռազմական փորձագետ

««Յաշման» հատուկ նշանակության ջոկատ է, որն իրականացնում է, այսպես ասած, հատուկ օպերացիաներ, և նրանք ներգրավվում են ռազմական այնպիսի գործողություններում, որտեղ պետք է լուծվի տեղայնացման որոշակի խնդիրներ։ 2016թ. ապրիլյան պատերազմի մեկնարկը տրվեց այս ջոկատի կողմից։ Նրանք մտել էին Թալիշ, ծերերին էին մորթել և այլն։ Այս ջոկատը Թուրքիայում է պատրաստություն անցնում, հիմնականում կազմավորված է այն զինծառայողներով, ովքեր նաև որոշակի հոգեբանական պատրաստություն են անցել։ Նրանց ոչ պաշտոնապես անվանում են դահիճներ։

Ընդհանրապես այս ջոկատի «մարտիկները» շատ մտերիմ կապեր ունեն ահաբեկչական կառույցների հետ, որոնք մեծ տարածում ունեն արաբական երկրներում։ Այս ջոկատում ընդգրկվելու համար առավելությունը տրվում է նրանց, ովքեր որևէ կերպ առնչություն են ունեցել ահաբեկչական կառույցների հետ, այսինքն՝ ովքեր ունեն մարդ սպանելու փորձառություն»:

Կարեն Հովհաննիսյան

Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց թուրքագետ, քրդագետ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի «Յաշմա» զորախմբի դիվերսիոն ներթափանցմանը։

Ըստ փորձագետի՝ մեր վերահսկողության տակ են գտնվում հենակետեր, որոնք գտնվում են ՀՀ սահմանին, և հայկական կողմը ոչ մի գործողության չի դիմել սահմանից դուրս։

«Մեր վերահսկողության տակ գտնվող դիրքերը, հենակետերը կարծես թե ադրբեջանական կողմի սրտով չէ, և նրանց կողմից սադրած ռազմական գործողություններն իրականում բնույթ են կրում, որպեսզի կարողանան այլ հենակետեր ձեռք բերել, որտեղից հնարավոր է թիրախավորելով՝ նշանակության տակ վերցնել հայկական բնակավայրերը»,- նշեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով՝ այս հարձակումները նորություն չեն ընդհանրապես։ «Ադրբեջանն այս ամենին պատրաստվել էր շատ վաղուց։ Ես միշտ ասել եմ, որ դեռևս 2019թ. սեպտեմբերից Ադրբեջանի ռազմաքաղաքական դիսկուրսը փոխվեց, և նրանք սկսեցին այլ տեմպերով և այլ ուղղությամբ աշխատել։ Եվ հասարակությանն անընդհատ պատրաստում էին ռազմական գործողություններ վերսկսելու գաղափարին։ Հատկապես վերջին շրջանում արդեն բոլորովին այլ մարտավարություն էին ընտրել։ Նրանց ամենօրյա հաղորդագրություններում, որտեղ ներկայացվում էր սահմանի իրավիճակը, անընդհատ շեշտվում էր՝ դիպուկահարներ, խոշոր տրամաչափի գնդացիրներ։ Այդ ձևով ադրբեջանական կողմը ցույց էր տալիս, թե իբր հայկական կողմից է խախտվում հրադադարի ռեժիմը։ Այսինքն, հող էին նախապատրաստում այս ամենի համար»,- հայտարարեց ռազմական փորձագետը։

Կարեն Հովհաննիսյանի կարծիքով՝ մյուս կողմից էլ Ադրբեջանի քաղաքական իշխանությունը մեծ խնդիրներ ունի.  ներքաղաքական կյանքի լարվածությունը փոքրիշատե թուլացնելու համար փորձ է արվում սահմանին լարվածությունը մեծացնել։

«Այդ կերպ ժողովրդի մեջ ռազմահայրենասիրական ոգին են արթնացնում, որպեսզի ժողովուրդը գերքաղաքականացված վիճակից դուրս գա և վերադառնա հայրենասիրական մտածելակերպին։ Ադրբեջանական իշխանության կողմից նման բան եղավ նաև «Ղարաբաղի երթ» շարժման ժամանակ, երբ մարդիկ դուրս էին եկել փողոց և պատերազմ էին ուզում, բայց վերջում այդ ամենը վերածվեց հակակառավարական ցույցերի, որովհետև սկսեցին հնչել հակակառավարական կոչեր»։

Փորձագետը նշեց, որ մինչև վերջին պահը չի ուզում հավատալ այն մտքին, որ իրավիճակը կգնա սրման և լայնածավալ ռազմական գործողություններ կսկսվեն։ «Մենք պատրաստ ենք լայնամասշտաբ ռազմական գործողությունների, և 2016թ. ապրիլյան քառօրյան դրա վկայությունն է, բայց կարծում եմ՝ բանը դրան չի հասնի։ Միևնույն ժամանակ ուզում եմ շեշտել, որ թշնամին անկանխատեսելի է և միգուցե նորից գնա արկածախնդրության»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ երեկ մոտ 24-ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները։ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների Տավուշի մարզի «Անվախ» դիրքի ուղղությամբ կեսգիշերից հետո տեղի է ունեցել Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումների հարձակումը, բայց հայկական կողմի գործողությունների արդյունքում հետ են շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ:

 

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close