Նորություններ

Լարվածությունը խուճապի չվերածվեց. բնակիչներն իրենց երեխաներին տեղափոխել են անվտանգ վայրեր. Տավուշի մարզպետ

Վերջին օրերին սահմանում տիրող վիճակի, հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով հայկական բնակչության կրած վնասների մասին ԳԱԼԱ-ն զրուցել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ։

«Կեսգիշերից արդեն իրավիճակը սահմանին հանգիստ է, և հրետակոծություններ չկան։ Մարդիկ այս պահին զբաղված են իրենց առօրյա աշխատանքներով։ Անցած 2 օրերին որոշակի լարվածություն կար, որովհետև ռմբակոծում էին խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, բայց այդ լարվածությունը խուճապի չվերածվեց։ Ուղղակի մարդիկ ավելի զգոն էին դարձել և գիտեն, որ սա թշնամու ոտնձգությունն է, որին մեր Զինված ուժերը արժանի պատասխան են տալիս։ Հենց զգոնությունն էր պատճառը, որ քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստներ չունենք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Տավուշի մարզպետը։ Չոբանյանի փոխանցմամբ՝ վնասվել են բնակելի տներ, որոշակի ենթակառուցվածքներ։

«Մենք հիմա ուսումնասիրություններ ենք իրականացնում այն համայնքներում, որտեղ հետևանքները կան։ Մի քանի օրից պարզ կլինեն ուսումնասիրությունները, և ընդհանուր գնահատական կունենանք։ Այս պահի դրությամբ մենք օպերատիվ կերպով օգնում ենք այն բնակիչներին, որոնց բնակարանները վնասվել են, որպեսզի նրանք կենսագործունեության խնդիր չունենան, մինչև վերջնական կգնահատվեն բոլոր վնասները, և բնականաբար ամեն ինչ կանենք լիարժեք փոխհատուցելու համար։ Մեր աշխատանքներն այս պայմաններում հիմնականում ուղղված են ընթացիկ տնտեսական գործունեության ապահովմանն ու քաղաքացիական պաշտպանության կազմակերպմանը»,- հայտնեց Չոբանյանը։

Մարզպետի խոսքերով՝ Տավուշի մարզում մի քանի համայնքներ կան, որոնք հակառակորդը «առանձնահատուկ ուշադրության» է արժանացրել։ «Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Չինարին, Բերդ քաղաքը, Տավուշ գյուղը։ Եթե առաջին օրը հիմնականում Մովսես գյուղն էր, ապա հետագայում որոշակի ակտիվություններ դրսևորվեցին և՛ Չինարիի, և՛ Այգեպարի, և՛ Ներքին Կարմիրաղբյուրի ուղղությամբ։ Տավուշի մարզում անվտանգային խնդիրը թիվ 1 խնդիրներից է և առնչվում է տարբեր խնդիրների հետ։ Մենք ունենք շուրջ 300 կմ սահման թշնամու հետ, և մեր 24 գյուղերը գտնվում են ուղիղ թշնամու սահմանին կպած, և ըստ էության, մեր ամենակարևոր ծրագրերից մեկը՝ սահմանամերձ բնակավայրերի դիմակայունության բարձրացումն է, որով մենք ապահովում ենք անվտանգ պայմաններ»,- ասում է Չոբանյանը։

Բնակիչների անվտանգությունն ապահովելու համար քայլեր իրականացվե՞լ են, արդյո՞ք եղել են տարհանումներ, հարցին Տավուշի մարզպետը պատասխանեց. «Առաջին իսկ պահից սկսած՝ քաղպաշտպանության խումբը, չնայած այն հանգամանքին, որ պաշտոնապես արտակարգ իրավիճակ չի հայտարարվել, բայց քաղպաշտպանության խումբը զբաղվել է գոյություն ունեցող ենթակառուցվածքների կարգի բերելով և հաշվառմամբ, որպեսզի ցանկացած սցենարի պատրաստ լինենք։ Մեր բնակչության շրջանում էլ ենք իրազեկում իրականացրել, բոլորն էլ պատրաստ են դրան։ Տարհանում տեղի չի ունեցել, ուղղակի մեր բնակիչները, ունենալով փորձառություն, ինքնակամ իրենց երեխաներին տեղափոխել են անվտանգ վայրեր։ Մեր ժողովուրդը՝ հատկապես գյուղական բնակավայրերի տներում, ունեն անվտանգ նկուղային սենյակներ»,- եզրափակեց Տավուշի մարզպետը:

Back to top button
Close