Նորություններ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչը ՀՀ-ին ու Ադրբեջանին՝ արագ վերսկսել բանակցությունները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրման վերաբերյալ՝ դատապարտելով հրադադարի ռեժիմի վերջին խախտումները:

«Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև այլ աղբյուրների հաղորդագրությունների համաձայն՝ հուլիսի 12-13-ը հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի լուրջ խախտում է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր: Հաղորդագրությունների համաձայն՝ կողմերն օգտագործել են տարբեր տրամաչափի հրետանային զենքեր: Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ցավում են մարդկային կյանքերի կորստի համար և ցավակցություն են հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին »,-ասվում է համանախագահների հայտարարության մեջ:

Համանախագահները նշում են՝ կողմերը միմյանց են մեղադրում ռազմական գործողություններ սանձազերծելու մեջ։

«Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները և կոչ անում կողմերին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները հակամարտության հետագա էսկալացիան կանխելու համար, այդ թվում՝ նրանց միջև գոյություն ունեցող ուղիղ կապի ուղիների օգտագործմամբ: Մինսկի խմբի համանախագահները նաև կողմերին կոչ են անում հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները և կարևորում են ԵԱՀԿ դիտորդների վերադարձը տարածաշրջան, երբ թույլ տան հանգամանքները», — նշվում է հայտարարության մեջ:

Back to top button
Close