Նորություններ

Ադրբեջանական կողմը ցանկացած առիթ օգտագործելու է ինչ-որ սադրանքի ռազմական փոքրամասշտաբ կամ մեծամասշտաբ գործողություններ իրականացնելու համար. Տ.Հովհաննիսյան

 ԳԱԼԱ-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի նախահարձակ գործողություններին, նշել է․

«Այս պահին բարդ է որևէ եզրակացություն անելը, թե ինչով էր պայմանավորված հակառակորդի կողմից կոնկրետ երեկվա սադրանքը, որովհետև որևէ առողջ տրամաբանության շրջանակում չի տեղավորվում այն, որ որևէ մեկը կարող է ցերեկվա 12։30 ՈՒԱԶ մեքենայով դիվերսիա իրականացնել և հույս ունենալ, որ դա կլինի թաքուն դիվերսիա այն դեպքում, երբ այդ մեքենան հեռվից դիտարկվում է, և շարժիչի ձայնը դիրքերում լսում են։

Այստեղ մի քանի տարբերակներ կարող են լինել՝ սկսած նրանից, որ զինծառայողները կարող էին հարբած լինել և շփոթել են իրենց դիրքերի ճանապարհը։

Մինչև այն, որ գործողությունը ծրագրել են, սակայն զինծառայողների այս մի խումբը ինչ-որ բան սխալ է հասկացել կամ այնպես չէին իրականացրել, ինչպես ծրագրել էին։

Միգուցե իրենք որոշել են այդ ձևով սադրանք իրականացնել, այսինքն՝ մոտենալ և ստիպել հայկական զինուժին կրակել, հետո հետ քաշվել և սկսել հրետակոծություն, հետո պնդել, որ հայկական կողմն է նախահարձակ եղել։

Իրականում, երբ իրենք առաջ են շարժվել ՈՒԱԶ մեքենայով, ոչնչացվել է թե՛ մեքենան, թե՛ մեքենայի անձնակազմը։

Վիրավորների մի մասը կարծես թե հասցրել է հետ քաշվել, սակայն նրանցից մեկը մահացել է, հետո իրենք նոր գործողության են դիմել։ Ենթադրում եմ՝ այս անգամ արդեն նախորդ ձախողումները քողարկելու նպատակով. այսինքն՝ այդ տարածքից դիակները դուրս հանելու, միգուցե նաև հույս են ունեցել մեքենան դուրս բերել, որովհետև այդ տարածքում մեքենայում դիակների առկայությունը ցույց է տալիս, որ իրենք են հարձակում գործել»։

Հովհաննիսյանի խոսքերով՝ ադրբեջանական կողմի դիակները մեր դիրքերի դիմաց են և իրենց դիրքերից հեռու, այսինքն՝ ՀՀ տարածքում։

«Այստեղ իրենք իհարկե կարող էին խնդրել հայկական կողմին թույլ տալ, որպեսզի իրենց դիակները դուրս հանեն, բայց այդ դեպքում՝ իրենք իրենց հասարակության աչքում նաև պարտվողական իրավիճակում կգտնվեին, և դրա համար էլ որոշեցին դիմել ավելի մեծ սադրանքի, ըստ էության փորձելով շտկել իրավիճակը իրենց տեսանկյունից, ինչն էլ բերեց ավելի մեծ կորուստների։

Առհասարակ, թե ինչու են նման գործելաոճ դրսևորել, կարծում եմ ոչ ոքի համար գաղտնիք չէ. դա իրենց ռազմավարությունն է. ադրբեջանական կողմը ցանկացած առիթ օգտագործելու է ինչ-որ սադրանքի ռազմական փոքրամասշտաբ կամ մեծամասշտաբ գործողություններ իրականացնելու համար»,- ասում է ռազմական փորձագետը։

Հովհաննիսյանն ընդգծեց, որ չի լինելու ինչ-որ մի ժամանակահատված, երբ իրենք կդադարեցնեն իրենց գործելաոճը։ Այստեղ միակ խնդիրն այն է, որ մեր զինուժը կարողանա համարժեք և մի բան էլ ավելի պատասխան տա, որովհետև ոչ  միջազգային հանրության, ոչ տարբեր խմբերի դաշինքների վրա չի կարելի հույս դնել։

Անդրադառնալով ՀԱՊԿ լռությանը՝ կապված ադրբեջանական գործողությունների հետ, Տարոն Հովհաննիսյանը նկատեց. «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, այստեղ պետք է հասկանանք, որ ՀԱՊԿ-ն ՌԴ է, և առկա է ՌԴ կարծիք-դիրքորոշումը, և վերջինս ունի սերտ հարաբերություններ Ադրբեջանի հետ։

Չեմ կարծում, որ կարող ենք սպասելիքներ ունենալ Բելառուսից կամ Ռուսաստանից»,- եզրափակեց ռազմական փորձագետը։

Հիշեցնենք, որ երեկ 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Նշենք նաև, որ առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

 

Back to top button
Close