Նորություններ

Ադրբեջանի զինուժի կողմից թիրախավորվել է ՀՀ քաղաքացիական խաղաղ բնակավայրը. Թաթոյանը լուսանկարներ է հրապարակել

Ադրբեջանական կողմը 2020 թվականի հուլիսի 13-ին թիրախային հրետանակոծման է ենթարկել Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ով նաեւ լուսանկարներ է հրապարակել:

Նա, մասնավորապես, նշել է. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվել նման ահազանգեր գյուղի բնակիչներից եւ Չինարի համայնքի ղեկավարից։ Ըստ այդ ահազանգերի՝ ադրբեջանական կողմից արձակվել է շուրջ մեկ տասնյակ արկ, վնասվել են գյուղի բնակելի շինություններ:

Չինարի գյուղից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են փոխանցել հրետանակոծությունից հետո արված լուսանկարներ, որոնք վկայում են գյուղի տներից մեկին պատճառված վնասի մասին: Մեկ այլ դեպքում վնասվել է բնակելի տան շինության տանիքը, իսկ հրետանակոծության պահին տանը եղել են երեխաներ։

Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերից անմիջապես հետո արձանագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ Չինարի բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերն արձակել են 82 մմ տրամաչափի ականանետից 7 արկ, իսկ 120 մմ տրամաչափի ականանետից՝ 3 արկ։

Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերը, Հայաստանի պետական մարմինների պաշտոնական հայտարարությունները եւ սոցիալական մեդիայի հրապարակումները վկայում են, որ թիրախավորվել է Հայաստանի քաղաքացիական խաղաղ բնակավայրը, առկա է խաղաղ բնակիչներին, նրանց կյանքին ու առողջությանը իրական վտանգ, ինչպես նաեւ գույքին պատճառված վնաս։

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է անմիջական կապ պահպանել Հայաստանի Տավուշի մարզի գյուղերի բնակիչների եւ համայնքների վարչական մարմինների հետ։ Իրականացվում է ամբողջական դիտարկում, տեղեկությունների եւ փաստերի անկախ հավաքագրում։

Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է Հայաստանի քաղաքացիական բնակավայրի հրետանակոծումը՝ խաղաղ բնակչության, նրանց առողջության ու կյանքի, սեփականության թիրախավորմամբ:

Դա բացարձակ դատապարտելի է հատկապես նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) գլոբալ համաճարակի պայմաններում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, կորոնավիրուսի վտանգով պայմանավորված, դեռեւս մարտի 23-ին կոչ է արել անհապաղ ամբողջությամբ դադարեցնել զինված հակամարտությունները երկրագնդի բոլոր անկյուններում։

Այս արձանագրումները եւս սահմանված կարգով կամփոփվեն ու եւ նոր զեկույցով կուղարկվեն միջազգային կառույցներին: Այս մասին կլինի Մարդու իրավունքների պաշտպանի լրացուցիչ հաղորդագրությունը»:

Back to top button
Close