Նորություններ

«Վստահ ենք, որ այս միջադեպը ևս ՀԱՊԿ-ի կողմից անարձագանք է մնալու». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր՝ հուլիսի 12-ին, ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի ուղղությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ։ ՀՀ զինված ուժերի կողմից վստահ պատասխան գործողությունների արդյունքում ադրբեջանական ոտնձգությունը տապալվել է, հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան։

«Հանուն Հանրապետության» նախաձեռնությունն իր մտահոգությունն է հայտնում ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հերթական արկածախնդրության վերաբերյալ։ Վերից վար կոռումպացված, բռնապետական ռեժիմի ներսում ներկլանային և միջկլանային վերադասավորումներն Ալիևին դրդում են նմանատիպ սադրանքների, ով, ակնհայտորեն անհանգստացած լինելով հասարակական դժգոհությունից, սրանով փորձ է կատարում շեղել ադրբեջանական հասարակության ուշադրությունը երկրի իրական և ահագնացող խնդիրներից՝ տնտեսության անկումից, աղքատության աճից, զանգվածային արտագաղթից, զանգվածային բռնաճնշումներից։

«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնությունն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն ու միջազգային կառույցները սույն միջադեպը ոչ միայն անարձագանք չեն թողնի, այլև հանդես կգան իրավիճակը նկարագրող համարժեք, անաչառ, անկողմնակալ և հասցեական հայտարարությամբ։ Տեղի ունեցածը ևս մեկ անգամ լուրջ հարցականի տակ է դնում Ալիևի ռեժիմի՝ բանակցային գործընթացում պատասխանատու գործընկեր լինելու կարողությունը և առաջ քաշում Հայաստան-Ադրբեջան սահմանի և Արցախ-Ադրբեջան դիմակայության գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանման, և հրադադարի ռեժիմի խախտման համար միջազգային պատասխանատվության գործուն մեխանիզմների ներդրման հրամայականը։

Վստահ ենք նաև, որ ինչպես նախկին նմանօրինակ՝ Հայաստանի սահմանամերձ խաղաղ բնակավայրերի վրա կատարված հարձակումների դեպքում, այս միջադեպը ևս ՀԱՊԿ-ի կողմից անարձագանք է մնալու։

ՀԱՊԿ-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության սկզբից ի վեր չի կատարում անդամ երկրի՝ Հայաստանի անվտանգության ապահովման իր պայմանագրային պարտավորությունները, երբ Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ։ Այդ կառույցին Հայաստանի անդամակցությունը կարելի կլինի արդունավետ համարել միայն, երբ այն, Հայաստանի տարածքի նկատմամբ ռազմական ոտնձգության դեպքում կկատարի մեր երկրի անվտանգության ապահովման իր պայմանագրային պարտավորությունները, իսկ մյուս կողմից՝ կկանխի իր անդամների զենքի վաճառքն Ադրբեջանին։ Ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ դեպքում ՀԱՊԿ-ն աչքի չի ընկնում իր գործառույթների իրականացմամբ։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում տևական խաղաղության հասնելու, երբևէ ռազմական էսկալացիա թույլ չտալու ամենամեծ ռեսուրսն իրականում Հայաստանի ժողովրդավարությունն է, որն անհրաժեշտ արդյունավորման դեպքում կարող է և պետք է դառնա պատերազմի բացառման ամենագործուն երաշխիքը: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է, որպեսզի համավարակով պայմանավորված արտակարգ դրության ներկա պայմաններում, մեր երկրի պատասխանատու քաղաքական ուժերը ևս Հայաստանի և Արցախի անվտանգությանը սպառնացող նույնիսկ ամենափոքր վտանգի պահին ցուցաբերեն անհրաժեշտ հասունություն և միակամ դիրքորոշում։

Միևնույն ժամանակ՝ նախաձեռնությունն իր լիակատար աջակցությունն է հայտնում ՀՀ զինված ուժերի հրամանատարությանն ու անձնակազմին՝ վստահությամբ ևս մեկ անգամ արձանագրելով մեր բանակի մարտունակության և պաշտպանունակության բարձր մակարդակը։

«Հանուն Հանրապետության» նախաձեռնության արտաքին հարաբերությունների և անվտանգության աշխատանքային խումբ»։

Back to top button
Close