Նորություններ

Արագածոտնի մարզի փրկարարները 9 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում կարողացել են հայտնաբերել 37-ամյա տղամարդու դին

Երեկ, հուլիսի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղձք գյուղի Արզնի-Շամիրամ ջրանցքը քաղաքացի է ընկել, և նրան հայտնաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, ովքեր գյուղի 20-ից ավելի բնակիչների և «Ջրառ» ՓԲԸ-ի 15-ից ավելի աշխատակիցների հետ մոտ 9 ժամ ջրանցքի մի քանի կիլոմետրերի վրա կատարել են որոնողական աշխատանքներ։

Ի վերջո՝ ժամը 18։40-ի սահմաններում փրկարարները հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 37-ամյա Արայիկ Հ․-ի դին։

Տեղում աշխատել են նաև Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խմբերը։

Փաստի առթիվ Ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը անզգուշաբար ջրանցքն է ընկել, երբ իր տղայի հետ այցելել է նշված վայր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

shamshyan.com

Back to top button
Close