Նորություններ

«Չի կարելի ժողովրդին 2 տարի պահել գլադիատորական մարտերի հանդիսատեսի կարգավիճակում». Մ. Նահապետյան

«ՄԻԵԴ-ը դատական ատյան է, ընդ որում՝ բավականին հանրային վստահություն վայելող ատյան, և ես չեմ կարծում, որ այդ դիրքորոշումներին քաղաքական գնահատականներ տալու անհրաժեշտություն կա։ Այս պահին հանրային դաշտում ծառացած ընթանում է իրավական գործընթաց, որին ես վերաբերվում եմ շատ նորմալ, որպես իրավական գործընթացի, այնուամենայնիվ, ինձ համար հատկանշական մի բան կար ՄԻԵԴ-ի որոշման մեջ, և դա որոշման եզրափակիչ մասն էր, որտեղ ՄԻԵԴ-ը որպես վստահության երաշխիք ֆիքսում էր, որ դիմումատուների գործը քննել են այնպիսի դատավորներ, որոնք նշանակվել էին 2014 թ.-ից հետո։ Քանի որ մինչև 2014 թ. դիմումատու Ալվինա Գյուլումյանը պաշտոնավարել է որպես ՄԻԵԴ դատավոր, և ՄԻԵԴ-ի դատարանը կարևորություն է տվել, որ գործի քննությանը չմասնակցեն դատավորներ, որոնք Ալվինա Գյուլումյանի գործընկերները կարող էին լինել նրա պաշտոնավարման ժամանակ, անաչառության այդ բարձր ստանդարտը, որ սահմանել է ՄԻԵԴ-ը, շատ էական է այն խոսակցության համատեքստում, որը հարուցվել է Հայաստանում, որ հա ի՞նչ, ՍԴ դատավորները կարող էին իրենց վերաբերյալ գործը քննել։

Սա, ըստ էության, վերջակետ է դնում այն փաստարկին, որ կարելի էր գործն ուղարկել ՍԴ, և դատավորներն իրենք իրենց պաշտոնավարման գործի դադարեցման վերաբերյալ քննություն կատարեին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ի որոշմանը՝ կապված ՍԴ նախկին դատավորների ներկայացրած միջնորդության հետ։

Միքայել Նահապետյանի խոսքերով՝ իր կողմից ողջունելի է, որ ՀՀ քաղաքացին գտնում է, որ իրավունքները խախտվել են, և պայքարում է, որպեսզի վերականգնի իր խախտված իրավունքները։ Չի ընդունում Սահմանադրական դատարանի արդեն նախկին դատավորների այն տեսակետը, թե իրենց իրավունքները խախտվել են։ Նրա խոսքերով՝ ՍԴ-ի շուրջ ուշադրության արժանի, որպես այդպիսին, զարգացումներ չի կանխատեսում։

«ՍԴ ճգնաժամն իրավական փիլիսոփայության և ժողովրդավարության ճգնաժամ էր, և դա որևէ մեկի հեռացմամբ լուծված չի կարելի համարել, որովհետև մենք խնդիր ունենք ոչ թե անձերի հետ, որ նրանք հեռանան և վերջ, այլ մենք խնդիր ունենք գերիշխող գաղափարների և տրամաբանության հետ, որոնք այդ անձերը կրել են, և մինչև 2018 թ. եղել է, և այդ փուլը, ճգնաժամը լուծված կարելի է համարել միայն այն դեպքում, եթե դրա փոխարեն գան ոչ միայն նոր մարդիկ, այլ նաև նրանք բերեն նոր արժեքներ, նոր գաղափարներ»,- ընդգծեց Միքայել Նահապետյանը։

Ըստ նրա՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը լճացման է գնում, որից բավականին վատ հոտ կարող է գալ, որովհետև ճահճից միշտ վատ հոտ է գալիս. «Ընդհանուր առմամբ, ես վիճակը կգնահատեմ ճահճացած, որովհետև ապագային միտված զարգացումներ չկան. կա լճացում և ճահճացում։ Ամեն օր նույն նախորդ օրվա կեղտը փորփրելու, խառնելու և եռացնելու գործընթաց է տեղի ունենում, որը մեզ առաջ չի տանելու։ Մենք կամ պիտի շատ արագ հասկանանք՝ ոնց ենք այդ պրոցեսների վերջը տալիս և անցնում ապագայի մասին մտածելու, կամ ոչ մի լավ բան չի կարելի սպասել ճահճից։ Եվ այս առումով մենք՝ «ՔՈ» կուսակցությունը, մեր առաքելությունն ենք համարում այդ նոր տրամաբանությունն ու գաղափարները բերել ասպարեզ և վերջ դնել այս ճահճին»,- շեշտեց նա։

Միքայել Նահապետյանն ընդգծեց, որ նախկին մտածողությունը Հայաստանում չի հաջողելու, որովհետև բնության փիլիսոփայության օրենքն է, որ կյանքը երբեք հետ չի զարգանում. միշտ զարգանում է առաջ՝ գուցե երբեմն կրկնելով վատ որակները, բայց ընդհանուր առմամբ՝ կյանքը առաջ է զարգանում։

«Ճշմարտություն է, որ վերադարձ հնին, անցյալին տեղի չի ունենում… Ժողովուրդն արժանի չէ այն ամենին, ինչ տեղի է ունենում՝ գզվռտոց, ճահճացում, թունավոր մթնոլորտ, որը ձևավորվել է նախկինների և ներկաների արդեն 2 տարի ձգվող դատարկ առճակատման ընթացքում։ Նման հարցերը կամ լուծվում են միանգամից ու կտրուկ, կամ հաստատում են համերաշխություն։ Չի կարելի ժողովրդին երկու տարի պահել գլադիատորական մարտերի հանդիսատեսի կարգավիճակում»,- եզրափակեց Նահապետյանը։

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close