Նորություններ

Տեսչական մարմինը ստուգել է մետաղական հանքերի 6 շահագործողի, 3-ը տուգանվել են, 3-ի վերաբերյալ քրգործ է հարուցվել. hetq.am

2018 թ. մայիսի 22-ին՝ վարչապետ դառնալուց օրեր անց, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին հանձնարարել էր ստուգումներ սկսել Հայաստանի 28 մետաղական հանքարդյունաբերող ընկերություններում։

Հանձնարարականից 2 տարի անց՝ այս տարվա հունիսին, տեսչական մարմնին հարցում էինք ուղարկել ստուգումների մասին։ Հարցրել էինք, մասնավորապես, թե մինչ օրս ստուգումները որ հանքարդյունաբերող ընկերություններում են իրականացվել, եւ ինչ արդյունքներ են արձանագրվել:

Հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակը՝ հետաքրքրվել էինք, թե ներկայում ինչ փուլում է գտնվում վարչապետի հանձնարարականը, արդյոք ստուգումներն առկախվել են:

Գրավոր հարցումն ուղարկել էինք այն ժամանակ, երբ տեսչական մարմնի ղեկավարը դեռ Վիգեն Ավետիսյանն էր, ով հունիսի 10-ին պաշտոնից ազատվեց Ն. Փաշինյանի որոշմամբ։ Մեր հարցերին պատասխանել է ՏՄ ղեկավարի պաշտոնակատար Գնել Հասրաթյանը։

Տեսչական մարմինը չէր ցանկանում տրամադրել արդյունքները

Տեսչական մարմինը մեր առաջին հարցմանը տվել էր աղքատիկ պատասխան՝ ընդամենը նշելով, որ վարչապետի հանձնարարականի կատարումն ընթացքի մեջ է, եւ որ արդեն իսկ ստուգումներ են կատարվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Չաարատ Կապան», «Լիդիան Արմենիա» եւ «Լիճքվազ» ՓԲԸ-ներում, ինչպես նաեւ «Ատ-Մետալս» եւ «Վայքգոլդ» ՍՊԸ-ներում։

Մնացած ինֆորմացիայի տրամադրումը տեսչական մարմինը մերժել էր. «Առաջնորդվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով ՝ հայցված տեղեկատվությունը հնարավորություն կընձեռվի տրամադրել միայն տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձի գրավոր համաձայնության դեպքում»:

Այդուհանդերձ, ՏՄ-ի նշած հիմնավորումը ոչ մի կապ չուներ մեր հարցման հետ, քանզի նշված օրենսդրական դրույթը ստուգումն իրականացնողին պարտավորեցնում է «առանց տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի գրավոր համաձայնության՝ չհրապարակել ստուգման ընթացքում իրեն հայտնի դարձած տնտեսավարող սուբյեկտի գործառնությունների վերաբերյալ տեղեկություններըգործունեության մասին ցանկացած ծրագրի կամ մշակմանգյուտիօգտակար մոդելիարդյունաբերական նմուշի մասին տեղեկությունները եւ դրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկատվությունորը տնտեսավարող սուբյեկտը մտադիր է եղել գաղտնի պահել, եւ ստուգում իրականացնող անձը տեղյակ է կամ կարող է տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ, ինչպես նաեւ առեւտրային գաղտնիք համարվող տեղեկություններ» (ընդգծումը մերն է- հեղ.):

Մեր հարցմամբ այսպիսի ինֆորմացիա չէինք խնդրել, խոսքն ընդամենը ստուգումների արդյունքների մասին էր, այսինքն՝ հայտնաբերված խախտումների եւ պատասխանատվության միջոցների, հետեւաբար, ՏՄ-ի գաղտնապահությունը միանգամայն անտեղի էր: Տեսչական մարմինը չէր հայտնել նաեւ, թե որոնք են ստուգման ենթակա 28 ընկերությունները:

Որոնք են ստուգման ենթակա ընկերությունները

Երկրորդ հարցման արդյունքում ստացել ենք այն 28 ընկերությունների անունները, որոնք վարչապետի հանձնարարականի տիրույթում են: Ահա դրանք.

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ (ստուգվել է)
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (ստուգվել է)
«Չաարատ Կապան» ՓԲԸ (ստուգվել է)
«Լիճքվազ» ՓԲԸ (ստուգվել է)
«Վայքգոլդ» ՍՊԸ (ստուգվել է)
«Ատ-Մետալս» ՍՊԸ (ստուգվել է)
«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ (ստուգվում է)
«Մեգո-Գոլդ» ՍՊԸ
«Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ
«Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ
«Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ
«Սագամար» ՓԲԸ
«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ
««Մուլտի Գրուպ» կոնցեռն» ՍՊԸ
«Ասսաթ» ՍՊԸ
«Թեղուտ» ՓԲԸ
«Բակտեկ Էկո» ՍՊԸ
«Լեռ-Էքս» ՍՊԸ
«Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ
«Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ
«Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ
«Ակտիվ Լեռնագործ»  ՍՊԸ
«Թաթսթոուն» ՍՊԸ, Այգեձոր (Թխկուտի տեղամաս)
«Թաթսթոուն» ՍՊԸ, Լիճք
«Հրաշք Մետաղ» ՍՊԸ
«Գեղի Գօլդ» ՍՊԸ
«Ղարագուլյաններ» ՓԲԸ
«Վարդանի զարթոնքը» ՍՊԸ

Ինչպես տեսնում ենք, իրականում ընկերությունների թիվը 27 է, «Թաթսթոուն» ՍՊԸ-ի գործունեությունն առանձին-առանձին ստուգվելու է Լիճքում եւ Այգեձորում: Այս պահին ստուգման գործընթացում է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն:

Վերոնշյալ ընկերությունների գործունեության վերաբերյալ հավելյալ տեղեկատվությանը (առ 25.12.2019 թ.) կարող եք ծանոթանալ այստեղ:

3-ը տուգանվել են, 3-ի գործերն էլ ուղարկվել են իրավապահներին

ՏՄ-ին խնդրել էինք նաեւ հայտնել, թե արդեն իսկ ստուգված 6 ընկերություններից յուրաքանչյուրի հանդեպ տեսչական մարմինը պատասխանատվության ինչպիսի միջոցներ է կիրառել: Հետաքրքրվել էինք նաեւ, թե նշվածներից որոնց վերաբերյալ նյութերն են ՏՄ-ի կողմից ուղարկվել իրավապահ մարմիններին:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ

ՏՄ ղեկավարի պաշտոնակատար Գնել Հասրաթյանը հայտնել է, որ ԶՊՄԿ-ի նկատմամբ կիրառվել է 3 վարչական տուգանք՝

1. Ընկերությունը խախտել է Ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը (հանքարդյունաբերողը պարտավոր է վարել օգտակար հանածոների պաշարների ամենօրյա շարժի գրանցամատյան), ինչի համար ենթարկվել է վարչական տուգանքի 100.000 դրամի չափով
2. Ընկերությունը խախտել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 12-րդ, 13-րդ եւ 15-րդ հոդվածները (մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետմանը վերաբերող դրույթներ), ինչի համար ենթարկվել է վարչական տուգանքի 150.000 դրամի չափով
3. Ընկերությունը խախտել է Ջրային օրենսգրքի 27-րդ հոդվածը (ջրօգտագործման թույլտվության վավեր լինելը), որի համար ենթարկվել է վարչական տուգանքի 300.000 դրամի չափով:

ԶՊՄԿ-ի վերաբերյալ ստուգումներին «Հետքն» անդրադարձել էր անցյալ տարի: Տեսչական մարմինը հաշվարկել էր, որ կոմբինատն իր տնտեսական գործունեությամբ շրջակա միջավայրին հասցրել է 382.431.552 դրամի վնաս, որը փոխհատուցելու պահանջ էր ներկայացվել: ԶՊՄԿ-ն իր հերթին հայտնել էր, որ չի վիճարկելու ՏՄ-ի կազմած ակտն ու վճարելու է հաշվարկված գումարը: Դրանից բացի՝ ՏՄ-ն հաղորդել էր, որ կոմբինատի ոլորտային 3 պատասխանատու պաշտոնատար անձինք ենթարկվել են վարչական տուգանքի՝ ընդհանուր 550.000 դրամի չափով: Սրա պատճառը հենց այն խախտումներն են, որոնց վերեւում անդրադարձանք:

«Չաարատ Կապան» ՓԲԸ

Այս ընկերության նկատմամն տեսչական մարմինը կիրառել է 200.000 դրամի վարչական տուգանք, քանի որ հանքարդյունաբերողը խախտել է Ջրային օրենսգրքի 27-րդ հոդվածը (ջրօգտագործման թույլտվության վավեր լինելը):

«Լիճքվազ» ՓԲԸ

Այս ընկերությունն էլ տուգանվել է 300.000 դրամով, քանի որ, ըստ ՏՄ-ի, խախտել է Ջրային օրենսգրքի 21-րդ հոդվածը (ջրօգտագործման թույլտվություն ստանալու մասին

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ, «Վայքգոլդ» ՍՊԸ, «Ատ-Մետալս» ՍՊԸ

Տեսչական մարմինը փոխանցել է, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի, ինչպես նաեւ «Վայքգոլդ» եւ «Ատ-Մետալս» ՍՊԸ-ների ստուգումների վերաբերյալ նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու համար:

«Լիդիան Արմենիայի» վերաբերյալ քրգործին հանրությունը ծանոթ է, այն բավականին լայն քննարկումների ու վեճերի առարկա դարձավ, եւ, ընդհանրապես, Ամուլսարի հանքավայրի շահագործման թեման Հայաստանում ամենաբարձր մակարդակով քննարկվելուց հետո շարունակում է բաց մնալ մինչ օրս: Նշենք, որ «Լիդիանը» 28 հանքարդյունաբերողներից առաջինն էր, որտեղ ՏՄ-ն ստուգումներ կատարեց 2018-ին:

Ազատեկի հանքավայրը շահագործած «Վայքգոլդ» ՍՊԸ-ն էլ հայտնվել է քրգործի մեջ՝ զուգահեռաբար կորցնելով ընդերքօգտագործման թույլտվությունը: Ընկերությունում կատարած ստուգումներից հետո ՏՄ-ն հայտնաբերել էր 14 խախտում, ինչի հիման վրա արգելել էր «Վայքգոլդին» ընդերքօգտագործում իրականացնել եւ նյութերն ուղարկել էր գլխավոր դատախազություն, որը քրեական գործ էր հարուցել պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ ընդերքի պահպանման ու օգտագործման կանոնները խախտելու դրվագներով: Նախաքննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեն: 2019-ի դեկտեմբերին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը դադարեցրել է ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը, ինչը հիմա «Վայքգոլդը» վիճարկում է դատարանում:

hetq.am

Back to top button
Close