Նորություններ

«Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե՛ս». Նիկոլ Փաշինյանը գրառում է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե’ս-

Անհետ կորել, անցել է — չար մշուշի պես:

Վահան Տերյան

Մենք սերել ենք հայկական լեռնաշխարհում, Հայկ նահապետից և մեր անունն է հայ:

Մենք հետնորդներն ենք Վանի թագավորության, Երվանդունիների հարստության, Արտաշեսյանների հարստության, Արշակունիների հարստության, Բագրատունիների հարստության, Կիլիկյան թագավորության, Հայաստանի Առաջին Հանրապետության:

Մենք ճանաչում ենք Հայկական ԽՍՀ բացառիկ դերը Հայաստանում կրթության, գիտության, մշակույթի, արդյունաբերության զարգացման գործում:

 

Մենք Հայաստանի Երրորդ Հանրապետության Հպարտ քաղաքացիներն ենք, Հայաստանի Երրորդ Հանրապետությունը հիմնադրած և Արցախն ազատագրած հայ ժողովրդի զավակները:

Հայաստանի Հանրապետությունը Արցախի հայության անվտանգության և ազատության երաշխավորն է:

Հայաստանի Հանրապետությունը համահայկական պետություն է և ներկայացնում է աշխարհի բոլոր հայերին:

Հայ ժողովուրդը պատմական բազմաթիվ արհավիրքներ հաղթահարելու և 21-րդ դար հասնելու ուժ և կարողություն է ձեռք բերել այն հմտությունների, գիտելիքի և հատկանիշների շնորհիվ, որոնք զարգացրել է պետականություն ունենալու շրջանում: Այս պատմական գիտակցության վրա հենվելով է, որ հայ ժողովուրդը Մեծ եղեռնից անմիջապես հետո կարողացավ վերստեղծել իր անկախ պետությունը:

Հայկական պետությունը հայ ժողովրդի գոյության և զարգացման միակ երաշխավորն է:

Հետևաբար՝ Հայկական պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, որովհետև հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան:

Ազգային արժեքներ

Հայ ժողովրդի ազգային արժեքներն են՝

— Հայոց պետականությունը. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը-հայոց բանակը:

— Հայ ժողովրդի պատմությունը, բանահյուսությունը. էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները:

— Հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը:

— Համահայկական ներուժը, հայկական սփյուռքը:

— Հայրենիքը, ընտանիքը, անհատը:

— Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը:

— Հայ աշուղական, գուսանական, ժողովրդական, դասական, հեղինակային, էստրադային երաժշտությունը, հայկական պարարվեստը, հայկական կերպարվեստը, հայկական բեմարվեստը, հայկական ճարտարապետությունը:

— Հայրենի բնաշխարհը՝ իր կենսաբազմազանությամբ:

— Առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթասիրությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը, հարգանքը և հանդուրժողականությունը ուրիշ մարդկանց, ժողովուրդների, կրոնների նկատմամբ: Եղբայրական զգացմունքները և հարաբերությունները Հայաստանում և Արցախում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ և անքակտելի միությունը նրանց հետ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության և Արցախի քաղաքացիությամբ:

— Հայկական խոհանոցը, նյութական և ոչ նյութական ժառանգության բոլոր այն նմուշները, որոնք արտահայտում, պատկերում, նկարագրում կամ խորհրդանշում են հայ ժողովրդի՝ վերը նկարագրված ազգային արժեքները»:

Back to top button
Close