Նորություններ

Մարտական դիրքում՝ զինծառայողի սպանության դեպքի վայրում, հայտնաբերվել է 90 պարկուճ. եղել է փոխհրաձգություն՝ չորս զենքից, այդ թվում՝ գնդացիրից. փաստաբան. Փաստինֆո

2019թ դեկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի մահվան դեպքի վայրում հայտնաբերվել է 90 պարկուճ, որոնց ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դրանք արձակվել են առնվազն 4 տարբեր զենքից՝ երեք ինքնաձիգից և մեկ գնդացիրից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը։

Նրա փոխանցմամբ՝ գնդացիրը պատկանել է վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Դավիթ Մելիքբեկյանին, որից արձակվել է 69 կրակոց, իսկ դիրքի ավագի ինքնաձիգից կրակված է եղել 8 պարկուճ, 7-ը՝ Արթուր Աջամյանի, իսկ կրակված պարկուճներից վեցը պատկանել են մեկ այլ զինծառայողի։

«Ստացվում է, որ ունենք այնպիսի պատկեր, որ փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Պահեստատուփերի ուսումնասիրությամբ 90 պարկուճ նույն օրը չի կրակվել, դեպքի օրը կրակվել է 42 պարկուճ։ Այնուամենայնիվ՝ ստացվում է, որ այդ չորս զենքերից կրակվել է նույն օրը»,- ասաց Հայարփի Սարգսյանը։

Հարցին, թե արդյո՞ք արդեն հայտնի է, թե ում զենքից է մահացու հրազենային վիրավորում ստացել Արթուր Աջամյանը, փաստաբանը պատասխանեց, որ Աջամյանի մարմնից հայտնաբերված երկու գնդակները, որոնք ուղարկվել են դատաձգաբանական փորձաքննության, եղել են դեֆորմացված և փորձագետը հայտնել է, որ հնարավոր չի եղել նույնականացնել, թե որ զենքից է արձակվել կրակոցը, քանի որ վնասվածքի աստիճանը մեծ է եղել։

Ճշգրտող հարցին, թե արդյո՞ք կարելի է ասել, որ վարկածը, թե Աջամյանը վիրավորում ստացել է իրեն կցված ինքնաձիգից, չի համապատասխանում իրականությանը՝ Հայարփի Սարգսյանը նշեց, որ կարող է խոսել փաստերով և այս պահին չկա ոչ հերքված, ոչ հաստատված վարկած, փորձագետը չի կարողացել պատասխանել այդ հարցին, թե նրան մահ պատճառած գնդակը որ ինքնաձիգից է եղել արձակված, քանի որ փամփուշտը, որը հայտնաբերվել և ուղարկվել է փորձաքննության, վնասված է եղել ։

Ինչ վերաբերում է դեպքի վայրում գտնվող մյուս երկու զինծառայողներին՝ դիրքի ավագին և շարքային զինծառայողին, Սարգսյանը նշեց, որ նրանք հարցաքննվել են, սակայն նախաքննության այս փուլում նրանց ցուցմունքները տուժող կողմին հասանելի չեն, միայն ծանոթանում են համապատասխան փորձաքննություններ նշանակելու մասին որոշումներում զետեղված տվյալներին։ Փաստաբանը տեղեկացրեց, որ նրանք հարցաքննվել են վկայի կարգավիճակով, ավելին՝ նշեց, որ այս ընթացքում դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել և որևէ մեկը չունի կասկածյալի կարգավիճակ։

«Առայժմ ծածկվում է այն, ինչ տեղի է ունեցել և բոլորս էլ հասկանում ենք, որ տրամաբանական չի լինի, որ կանգնեն ասեն՝ ես եմ արել»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ ունի կասկածներ, սակայն այս պահին դրա մասին չի բարձրաձայնի։
Փաստաբանը տեղեկացրեց, որ ստացել են նաև հագուստների փորձաքննության եզրակացությունը և վիրավորում ստացած զինծառայող Դավիթ Մելիքբեկյանի և մահացած Արթուր Աջամյանի հագուստների փորձաքննությամբ պարզվել է, որ որևիցե մեկի հետքը մյուսի վրա չկա, ինչը խոսում է այն մասին, որ նրանց միջև վիճաբանություն չի եղել, համենայն դեպս՝ քաշքշուք, քանի որ հակառակ դեպքում կհայտնաբերվեին հետքեր։ Բացի այդ՝ փաստաբանը նշեց, որ Արթուր Աջամյանի հագուստի վրա եղել պատռվածքներ, ներքնաշորերից կոճակներ են բացակայել։

Սարգսյանի փոխանցմամբ՝ առաջիկայում պատրաստվում է մեկնել մարտական դիրք և որպես փաստաբան զրուցել մյուս զինծառայողների հետ։

«Յուրաքանչյուր անգամ, երբ քննիչը փոխվում է նրանք հարցաքննվում են։ Մենք այս պահի դրությամբ ունենք տվյալներ, թե որ զենքերից են արձակվել կրակոցները, մնում է ճիշտ ցուցմունքներ ունենալ։ Այս պահին չունենք ինքնախոստովանական ցուցմունք»,- ասաց Սարգսյանը։

Ինչ վերաբերում է վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակին, փաստաբանն ասաց, որ դրական տեղաշարժ կա, թեև գիտակցության չի եկել, բայց արձագանքում է, երբ դիպչում են։

Հիշեցնենք, որ զինվորն սպանվել է 2019թ. դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:

Նույն օրը Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երկու կամ ավելի անձանց սպանության փորձ/։

Փաստինֆո

Back to top button
Close