Նորություններ

Ոստիկանության կրթահամալիրը հայտարարում է բաց մրցույթ

Կառավարությունը 2019թ. դեկտեմբերին մեկնարկած ոստիկանության ոլորտի լայնածավալ բարեփոխումների համատեքստում նախաձեռնել է նոր Պարեկային ծառայության ստեղծում, որը հաստատվեց նաև ս.թ. ապրիլի 23-ին ընդունված «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 638-Լ որոշմամբ:

Նոր Պարեկային ծառայությունը լինելու է ժամանակակից ոստիկանության առաջին ալիքը` նոր գործառույթներով, նոր սարքավորումներով, նոր կրթությամբ ու հմտություններով և ամենակարևորը՝ նոր մտածելակերպով: Այս նոր արժեքների ձևավորմանն ուղղված քայլերը կիրականացվեն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում 5 ամիս (սեպտեմբեր-հունվար) տևողությամբ ուսուցման ընթացքում:

Ծառայելու և պաշտպանելու և ոչ թե պատժելու քաղաքականության վրա հիմնված իրավապահ մարմիններ, հարգանքի արժանի պարեկային ծառայողներ ունենալու համար հարկավոր է արդիականացնել պատրաստման ծրագրերը, ուսումնական մեթոդն ու միջավայրը և, իհարկե, «դասավանդող-ուսանող» փոխհարաբերությունները: Միաժամանակ այս ամենին զուգահեռ կարևոր է Պարեկային ծառայության բովանդակությանն ու փիլիսոփայությանը բնորոշ առարկայական ծրագրերի մշակումն ու դրանց հիման վրա ուսուցումը:

Ընտրության գործընթացը 

  1. Պարեկային ծառայության համար ուսուցումն անցկացնող դասախոսների մրցույթ (մայիսի 25 — օգոստոսի 10),
  2. Ընտրությունն իրականացվելու է մրցութային կարգով, 2 փուլով՝ փաստաթղթերի ընդունում (մայիսի 25 — հուլիսի 20) և հարցազրույց (հուլիսի 25-31` հարցազրույցի անցկացում, օգոստոսի 01 — 10-՝ հարցազրույցի արդյունքների ամփոփում),
  3. Առաջին փուլը փաստաթղթերի ուսումնասիրություն է, իսկ երկրոդ փուլը հարցազրույց՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի, արդարադատության նախարարության և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովի հետ:
  4. Ընտրված դասընթացավարները անցնելու են TOT/դասընթացավարների յոթօրյա առցանց վերապատրաստում

Ովքե՞ր կարող են դիմել և այլ օգտակար տեղեկություններ 

  1. Պարեկային ծառայության ուսուցման մեկնարկ (սեպտեմբերի սկիզբ՝ 5 ամիս տևողությամբ),
  2. Առարկայացանկն ու ժամերը կցվում են(Հավելված 1),
  3. Անհրաժեշտ որակավորում
  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում և տվյալ ոլորտում նվազագույնը 3 տարվա մասնագիտական փորձ
  • ռուսերենի կամ անգլերենի իմացություն (ազատ հաղորդակցման մակարդակ)

Պահանջվող հմտություններ

  • Ժամանակակից ուսուցման մեթոդների տիրապետում
  • Հաղորդակցության հմտություններ
  1. Ներկայացվող փաստաթղթերի ցանկը կցված է (Հավելված 2)
  2. Դիմումի ձևանմուշը կցված է(Հավելված 3)
  3. Հավելված 4-ով նախատեսված է ընտրված առարկայի կամ մոդուլի մեկ ուսումնական պարապմունքի անցկացման տեսլականի ձևանմուշը, որի հիման վրա գնահատվելու է դասընթացավարի թեկնածուի կողմից առաջարկվող դասավանդման մեթոդաբանությունը:

Վարձատրություն

  1. 1 պարապմունքի (2 ակադեմիական ժամ) համար սահմանված է 6000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը (քաղաքացիական անձանց համար):
  2. Ոստիկանության ծառայող հանդիսացող դասընթացավարների դեպքում վարձատրությունը կապահովվի լրացուցիչ դրամական բավարարմամբ:

Այլ պայմաններ

Մինչև ուսումնական ծրագրի սկիզբը (2020թ սեպտեմբեր), ընտրված դասընթացավարները մշակելու են այն մոդուլների առարկայական ծրագրերը, որոնց համար դիմել և ընտրվել են:

Դասընթացավարները կանցնեն հատուկ վերապատրաստում՝ պարեկային ծառայողների ուսուցման ժամանակակից մեթոդաբանությունների և մեծահասակների կրթության մոդելների վերաբերյալ, ինչպես նաև կստանան արդյունավետ առարկայական ծրագրեր վերաբերյալ ուղեցույցներ:

Ուսուցման այս գործընթացը ունենալու է շարունակական բնույթ՝ Երևանում ծառայությունը ներդնելուց հետո մարզերի համար ծառայողներ պատրաստելու, ինչպես նաև պարեկային ծառայողների շարունակական վերապատրաստման համար:

Հարցերի համար դիմել՝   

+37410 594028; +37410 770981 հեռախոսահամարներով:

Դիմումներն ընդունվում են միայն էլեկտրոնային հետևյալ երկու հասցեներով՝ [email protected]; [email protected] (խնդրում ենք դիմումներն ուղարկել միանգամից երկու հասցեներով):

Դիմելիս խնդրում ենք հստակ նշել առարկայացանկի այն առարկան, որի համար դիմում եք։

Անհամբեր սպասում ենք Ձեր դիմումներին:

 

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Back to top button
Close