Նորություններ

Գյումրիի ծերերի տուն-ինտերնատի 151 շահառուից 56-ի թեստի պատասխանը դրական է. արձանագրվել է մահվան 3 դեպք

«Գյումրիի ծերերի տուն-ինտերնատի շահառուները կցված են Գյումրիի Վ.Աբաջյանի անվան  թիվ 3 պոլիկլինիկային։ Մենք շահառուներին վերցրել ենք մեր հսկողության տակ ընդհանուր սկզբունքով, ինչպես որ դա տեղի է ունենում տնային ինքնամեկուսացվածների դեպքում։

Մեր գործառույթը իրենց մասով հիմնականում դա է. նրանք մեր վերահսկողության տակ են առողջության պահպանման օղակի պացիենտներ»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետի ժ/պ Լեյլի Ասլանյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Գյումրիի ծերերի տուն-ինտերնատում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերին։

Գյումրու տուն-ինտերնատի բնակիչների խնամքը ստանձնած Հայկական կարմիր խաչի ընկերությունից  հետաքրքրվեցինք տուն-ինտերնատի  աշխատակիցների և շահառուների առողջական վիճակի վերաբերյալ։

«151 շահառուից 56-ի թեստի պատասխանը դրական է։

37 հոգի հոսպիտալացվել են, նրանցից 3-ը Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են բուժում ստանում։ Կան հոսպիտալացվածներ նաև Երևանում և Սպիտակում։  12 աշխատակցի մոտ ևս թեստի պատասխանը դրական է եղել, նրանցից  հիվանդանոց է տեղափոխվել 1 հոգի։

Գյումրիի ծերերի տուն-ինտերնատում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով երեկ մահվան երեք  դեպք է արձանագրվել, 3-ն էլ Սպիտակում։

Մահացած պացիենտները եղել են 80 անց տարիքի մարդիկ և ունեցել են ուղեկցող հիվանդություններ»,- այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեցին Հայկական կարմիր խաչի ընկերության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանի խոսքերով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում մարզի առավելությունը կայանում է նրանում, որ մենք ունեինք առանձին ինֆեկցիոն հիվանդանոց։

«Մենք ինֆեկցիոն հիվանդանոցը ամբողջությամբ դարձրեցինք Covid 19-ով վարակված անձանց բուժմամբ զբաղվող կենտրոն։ 100 մահճակալ ունենք, ասեմ, որ մահճակալային ամբողջ ֆոնդը փոխել ենք։

Մահճակալներ ենք ավելացրել նաև նաև նախկին հակատուբերկուլյոզային բաժանմունքում։

Բուժհաստատությունը, իհարկե, լուրջ խնդիրներ ուներ, բայց ընթացքում հարցերին լուծում ենք տվել։ Թթվածնային համակարգ ենք մոնտաժել, որը գոյություն չուներ և անհրաժեշտ էր համարվում, լաբորատոր սարքավորումներով ենք հագեցրել։

Լավ և արդյունավետ աշխատում ենք»,- եզրափակեց Լեյլի Ասլանյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում Շիրակի մարզի 76  բնակիչ է բուժվում կորոնավիրուսի դեմ։

45 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Կորոնավիրուսի հետևանքով մարզում արձանագրվել է մահվան 24 դեպք։

Back to top button
Close